«Միկան» միայն կորուստներ է կրում
Ֆուտբոլի Հայաստանի 2011 թվականի գավաթակիր Երեւանի «Միկան» նոր մրցաշրջանից առաջ առայժմ միայն կորուստներ է կրում:
«Ա1+»-ի մարզական թղթակցին ակումբի մամուլի կենտրոնից տեղեկացրին, որ 2011 թվականի առաջնության ավարտից հետո թիմից հեռացել են 9 ֆուտբոլիստ: Չինացի հարձակվող Դոնգ Ֆանժուի եւ մոլդովացի կիսապաշտպան Կոնստանտին Մանդրիչենկոյի գործակալները, համաձայնության չգալով «Միկայի» ղեկավարության հետ, չեն ցանկացել երկարաձգել պայմանագրերը: Պաշտպան Ալեքսանդր Թադեւոսյանը եւ հարձակվող Նարեկ Բեգլարյանը վարձավճարով հանդես կգան համապատասխանաբար Լիբանանի «Ալ Ահեդում» եւ Սլովակիայի «Տատրանում»: Առաջատար պաշտպան Հրայր Մկոյանը, ազատ ֆուտբոլիստի կարգավիճակով, տեղափոխվել է Ռուսաստանի պրեմիեր լիգայում հանդես եկող Նալչիկի «Սպարտակում»:
Թիմի 4 ֆուտբոլիստներ, որոնց պայմանագրերի ժամկետը լրացել է, տեղափոխվել են այլ ակումբներ: Հայաստանի հավաքականի նախկին պաշտպան Վահագն Մինասյանը նոր մրցաշրջանում հանդես կգա «Ուլիսում», Հայկ Իշխանյանը` «Իմպուլսում», Արթուր Հարությունյանն ու Հովհաննես Գրիգորյանը` «Շիրակում»:
Ակումբի մամուլի քարտուղար Աշոտ Մարտիրոսյանը տեղեկացրեց, որ այսօրվանից «Միկան» օրական անցկացնելու է երկուական պարապմունք: Թիմի գլխավոր մարզչի պաշտոնակատար Ժոլտ Հորնյակը մրցաշրջանից առաջ նախատեսել է ընդամենը մեկ ուսումնամարզական հավաք: Այն տեղի կունենա փետրվարի 16-29-ը, Անայապա քաղաքում:
Առաջիկայում «Միկան» կանցկացնի յոթ ստուգողական հանդիպում, որից երեքը Հայաստանում, իսկ չորսը` Կիպրոսում: