Բուլղարիան ուժեղ մրցակից է որոնում
Ֆուտբոլի Բուլղարիայի հավաքականը, որը 2014 թվականի աշխարհի առաջնության ընտրական փուլում Հայաստանի մրցակիցներից մեկն է լինելու, մտադիր է ընկերական խաղ անցկացնել աշխարհի ուժեղագույն թիմերից մեկի` ՖԻՖԱ-ի վարկանիշային աղյուսակում 2-րդ տեղը զբաղեցնող Հոլանդիայի ընտրանու հետ:
Ինչպես տեղեկացնում են բուլղարական լրատվամիջոցները, ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Բորիսլավ Միխայլովը Եվրո-2012-ի եզրափակիչ մրցաշարի վիճակահանության ժամանակ հանդիպել է Հոլանդիայի ՖՖ-ի իր գործընկերոջ՝ Միխայել Վան Պրագի հետ (երկուսն էլ ՈՒԵՖԱ-ի գործկոմի անդամներ են) եւ ընկերական հանդիպում անցկացնելու մասին նախնական պայմանավորվածություն ձեռք բերել: Եթե կողմերը վերջնական համաձայնության գան, ապա այդ հանդիպումը պետք է կայանա 2012 թ մայիսի 26-ին, Հոլանդիայում:
Բուլղարիայի հավաքականի գլխավոր մարզիչ Լյուբոսլավ Պենեւը միաժամանակ երկրորդ տարբերակն է մշակել, ըստ որի՝ բուլղարացի ֆուտբոլիստները գալիք տարվա մայիսին նախ 10-օրյա հավաք են անցկացնելու Վարնայում, ապա մասնակցելու են Ավստրիայում կազմակերպվող միջազգային մրցաշարին, որտեղ նախատեսված է երկու ստուգողական հանդիպում:
Հայաստանի ՖՖ-ն նույնպես մրցակիցներ է փնտրում 2012 թ ընկերական խաղեր անցկացելու համար: Դրանցից առաջինը նախատեսված է փետրվարի 29-ին: Մրցակիցը առայժմ հայտնի չէ, քանի որ ՀՖՖ-ն մերժել է Թուրքիայում ընկերական խաղ կազմակերպելու՝ Բելառուսի ֆեդերացիայի առաջարկը: