Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Լեւոն Արոնյանը պայքարը կսկսի սպիտակներով

Սպորտ
8257427b4d2c17df223bb7331def6dae

Հայաստանի լավագույն շախմատիստ Լեւոն Արոնյանը պայքարը կսկսի «London Chess Classics» շախմատի ավանդական մրցաշարի գլխավոր մրցանակի համար:

Այս տարի լոնդոնյան ստուգատեսին մասնակցում են ՖԻԴԵ-ի վարկանիշային ցուցակում 2800-ից ավելի անհատական գործակից ունեցող բոլոր չորս շախմատիստները` նորվեգացի Մագնուս Կարլսենը, աշխարհի չեմպիոն, հնդիկ Վիշվանաթան Անանդը, ռուսաստանցի Վլադիմիր Կրամնիկը եւ Լեւոն Արոնյանը: Հիշեցնենք, որ այդ քառյակը նոյեմբերին մասնակցեց Միխայիլ Տալի հուշամրցաշարին: Մոսկվայում առաջին տեղը բաժանեցին Մագնուս Կարլսենն ու Լեւոն Արոնյանը:

Անգլիայի մայրաքաղաքում հրաշալի քառյակի դեմ կպայքարեն ամերիկացի Հիկարու Նակամուրան, անգլիացիներ Նայջլ Շորթը, Մայքլ Ադամսը, Դեւիդ Հոուելը եւ Լուկ Մաք Շեյնը:

Այսօր Լեւոն Արոնյանը սպիտակներով կմրցի Լուկ Մաք Շեյնի հետ: Քանի որ մասնակիցների թիվը կենտ է, ապա յուրաքանչյուր տուրում մրցաշարի մեկ մասնակից ազատ է լինելու: Լեւոն Արոնյանը բաց կթողնի 4-րդ տուրը:

Նշենք, որ մեր շախմատիստին դժվար վերջաբան է սպասվում: Դեկտեմբերի 8-ին նրա մրցակիցը կլինի Մագնուս Կարլսենը։ Երկու օր անց Լեւոնը ուժերը կչափի աշխարհի գործող չեմպիոնի հետ, իսկ մրցաշարը կավարտի Վլադիմիր Կրամնիկի հետ խաղով: