Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հայաստանի դրամը պիտի լինի եվրոն

Տնտեսություն
d9118afe99f822ce9c2f5dc21fbfbb92

«Հայկական դրամն այսօր կայացած է եւ լիարժեք իրականացնում է իր բոլոր գործառույթները՝ դրամաշրջանառությունից բացի դառնում է նաեւ կուտակման միջոց»,- «Ա1+»-ի հետ զրույցում ասաց ՀՀ Կենտրոնական բանկի նախկին նախագահ Բագրատ Ասատրյանը։

Նա կոռեկտ չի համարում ազգային արժույթի համեմատությունը՝ մարդու կյանքի հետ։ «Համեմատել ազգային դրամը 18-ամյա պատանու հետ, ճիշտ չէ, քանի որ 18 տարին արժույթի կայացման համար բավական երկար ժամանակահատված է։ Եվրոն, օրինակ, դրամից երիտասարդ է։ Կարո՞ղ ենք ասել, որ այն դրամից պակաս կայացած է։ Մյուս կողմից՝ մարդու կյանքը մի քանի տասնամյակ է տեւում, իսկ ազգային արժույթը մենք ստեղծել ենք հարյուրամյակների հեռանկարով»,- նշեց պարոն Ասատրյանը։

Անդրադառնալով դրամի ներմուծման պատմությանը, պարոն Ասատրյանը նշեց, որ ազգային արժույթի վերաբերյալ քաղաքական որոշումը արտացոլված էր դեռեւս Անկախության հռչակագրում։ «Այնուհետեւ, 1992-ին ընդունվեց ազգային արժույթի մասին Գերագույն խորհրդի որոշումը, տարվեցին տեխնիկական որոշ աշխատանքներ, ընտրվեց փողի դիզայնը եւ այլն»,- հիշեց նա։

ԿԲ նախկին նախագահը նշեց նաեւ, որ դրամի ընդունման գործընթացի հապաղումը արժույթի արագ արժեզրկման առումով թեպետ ոչ վճռական, սակայն բացասական ազդեցություն ունեցավ։

«Երբ մենք շրջանառության մեջ դրեցինք դրամը, նախկին ԽՍՀՄ երկրների կեսը, այդ թվում Ռուսաստանը, արդեն անցել էին գործընթացի միջով։ Այդ պատճառով, չնայած ձեռնարկված միջոցառումներին, ԱՊՀ այլ հանրապետություններից տեղի ունեցավ դրամական զանգվածի մեծ հոսք, եւ մոտ 30 մլրդ ռուբլով՝ ծրագրվածից 25 տոկոսով ավելի շատ կանխիկ դրամ փոխարկվեց, ինչը առաջացրեց գնաճային որոշակի ճնշումներ։ Իհարկե, այս հարցը բազմիցս է քննարկվել, բայց դա պետք է դիտարկել այն տնտեսական, քաղաքական իրողությունների համատեքստում, որոնք առկա էին 1993 թվականին»,- ընդգծեց պարոն Ասատրյանը։ Ըստ նրա, ԱՊՀ այլ երկրների ազգային արժույթների համեմատ, հայկական դրամը բավական կայուն արժեք է։

Անդրադառնալով հանրապետության դրամա-վարկային քաղաքականությանը, պարոն Ասատրյանը շեշտեց, որ 1993-ին ընտրված՝ դրամի լողացող փոխարժեքի քաղաքականությունը ամենաճիշտն էր Հայաստանի համար։

«Ակնհայտ է, որ մեր տնտեսությունը ունի ճեղքվածքներ։ Վճարային հաշվեկշռի, արտաքին առեւտրի բացասական հաշվեկշռի տեսանկյունից, մենք ունենք դեֆիցիտային տնտեսություն։ Այս պայմաններում լողացող փոխարժեքի քաղաքականությունը ամենաարդյունավետն է, եւ ներկա իշխանությունները պետք է հետեւողական լինեն եւ շարունակեն այդ դրա իրագործումը»,- նշեց պարոն Ասատրյանը։ 2008-2009 թվականներին դրամի արժեզրկումը արհեստական զսպելու գործելակերպը, նրա գնահատմամբ, հանցավոր էր։

Որտե՞ղ է լուման

Շրջանառության մեջ մտնելուց կարճ ժամանակ անց, արժեքը կորցրած մանրադրամը՝ լուման, այդ տարիների ԿԲ նախագահի նախաձեռնությամբ վաճառվել է ալյումինի գործարանին՝ վերաձուլվել եւ օգտագործվել որպես հումք։ Բագրատ Ասատրյանը պատմեց, որ մանրադրամների մի մեծ քանակ էլ վաճառվել է մի ընկերության, որը դրանք որպես հուշանվեր, ներդրվել է տնտեսագիտության ուսումնական ձեռնարկների մեջ։ «Բավական շահավետ գործարք էր», - ասաց։

Բագրատ Ասատրյանի պատկերացմամբ դրամի ապագան կապված է Հայաստանը միասնական Եվրոպայի արժութային համակարգ մտնելու հեռանկարին՝ անկախ եվրոյի գոտում առկա որոշ խնդիրներից։ «Մեզ համար ընդհանուր Եվրոպայի տնտեսական գոտուն ինտեգրվելը միակ տեսանելի ճանապարհն է»,- կարծում է նա։

Ըստ պարոն Ասատրյանի, նախկին Խորհրդային Միության տարածքում այսօր սաղմնավորվող ինտեգրացիոն նախաձեռնությունները Հայաստանին լավ ապագա չեն խոստանում։ «Մենք ինքներս ենք փորձում մտնել քայքայվող կայսրության փլատակների տակ։ Ռուսաստանն այսօր քայքայվող միավոր է, եւ պետք չէ հերթական անգամ թույլ տալ պատմական սխալը՝ սատար կանգնել թուլացող կայսրությանը։ Պետք է ի վերջո գիտակցենք, որ վաղուց ի վեր որդեգրած արժեքներով, մենք եվրոպական ազգ ենք»,- եզրափակեց ԿԲ նախկին նախագահը։