Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հայ-վրացական սահմանին կստուգվեն մեկ անգամ

Տնտեսություն
d471a735d64daeba2e5f83b8a6a37120

Երկու շաբաթվա ընթացքում կամփոփվեն Հյուսիս-հարավ ճանապարհի շինարարության մրցույթի արդյունքները:Այսօր Բաթումիում վրաց գործընկերոջ հետ համատեղ ասուլիսում հայտարարել է Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը։

Ըստ նրա՝ առաջին անգամ Հայաստանն ունենալու է ժամանակակից, միջազգային չափանիշներին համապատասխանող ավտոճանապարհ, որի երթևեկության չափանիշներն այնպիսին են, որ մեծ արագությամբ մեքենաները կարող են հատել Հայաստան-Վրաստան սահմանը:

«Այս մեծածավալ ծրագրի ավարտը հնարավորություն կտա, որպեսզի մեր քաղաքացիները հասնեն Բաթումի ավելի որակյալ ճանապարհներով: Դա մի կողմից էապես կկրճատի ժամանակը, ճանապարհը կլինի հարմարավետ, և, բնականաբար, կխթանի զբոսաշրջիկների հոսքը դեպի Բաթումի»,-ասել է նա։

Իսկ Վրաստանի վարչապետ Նիկա Գիլաուրին, պատասխանելով Երևան-Բաթումի ավիաչվերթերի հաճախականացման և դրանց սակագների նվազեցման մասին հարցին, ասել է. «Մենք կառավարությունների մակարդակով ձեռք ենք բերել համաձայնություն բաց երկնքի վերաբերյալ, համապատասխանաբար, ցանկացած ընկերություն կարող է իրականացնել չվերթեր: Դա նրանց համար ձեռնտու պետք է լինի, քանի որ, իսկապես, շատ մեծ է դրանց պահանջարկը»։ Նա կոչ է արել և՛ հայկական, և՛ վրացական ավիաընկերություններին մտածել Երևան-Բաթումի չվերթի ուղղությամբ:

Նրան հարց է ուղղվել նաեւ հայ-վրացական սահմանային անցակետերի արդիականացման վերաբերյալ:

«Հիմնականում ծրագիրը հետևյալն է՝ հայկական և վրացական անցակետերի աշխատանքը դարձնել միասնական: Այդպիսի միասնական վարման մեկ նախագիծ արդեն իրականացրել ենք վրաց-թուրքական սահմանին՝ Սարփիում, և համոզվել ենք, որ դա շատ արդյունավետ է: Կրկնակի կրճատվում է սահմանն անցնողների ժամանակի ծախսը: Երկու անգամ սահմանը հատելու փոխարեն՝ կանցնեն մեկ անգամ: Նույն ծրագիրն ուզում ենք իրականացնել հայ-վրացական սահմանին, և հուսով եմ որքան հնարավոր է շուտ»,-ասել է Նիկա Գիլաուրին։