Կրթվում են գարշահոտության մեջ (տեսանյութ)
Արթիկի թիվ 3 դպրոցը միայն գրադարան եւ ֆիզկուլտուրայի դահլիճ ունենալու համար որոշել են դարձնել ավագ դպրոց։ Սակայն գրադարանի եւ դահլիճի, մեղմ ասած, անմխիթար վիճակը չի պարտավորեցնում աշակերտներին զգալ իրենց ավագ դպրոցում։
Լեզվի եւ գրականության ուսուցչուհի Նունիկ Պողոսյանը դժգոհում է ոչ միայն գրադարանի անմխիթար տեսքից, այլեւ գրականությամբ չհագեցված լինելու հանգամանքից ու հատկապես հայալեզու գրականության աղքատությունից։
Գրադարանը մասնաշենքի վերջին՝ երրորդ հարկում է զետեղված։ Տանիքի անմխիթար վիճակի պատճառով, անձրեւաջրերը եւ ձնհալը ուղղակի թափվում են առանց այդ էլ քչություն անող գրքերի վրա։ Իսկ մարզադահլիճն առաջին հայացքից դժվար է ընկալել որպես այդպիսին։
Աշակերտներն այստեղ պարապում են միայն այն ժամանակ, երբ դրսում վատ եղանակ է։ Ֆիզկուլտուրայի դասերը հիմնականում անց են կացվում դպրոցի բակում, եթե իհարկե եղանակը բարեհաճ է լինում։
Դասասեյակների պատերն ու առաստաղը արդեն ընդունում են դահլիճի տեսքը։ Այստեղ էլ ինչպես դահլիճում, ստիպված ջրում են հատակի հողածածկ մասերը, որպեսզի աշակերտները դասի ժամանակ չխեղդվեն փոշուց։ Դպրոցի սանհանգույցի ներկա վիճակը վտանգում է աշակերտների առողջությունը։
Ջրահեռացման համակարգը վաղուց արդեն չի գործում, այդ իսկ պատճառով գարշահոտությունը տարածվում է ամբողջ մասնաշենքում։
Դպրոցի տնօրեն Աշոտ Վարագյանը հույսեր է փայփայում, որ արմատական լուրջ փոփոխություններ կլինեն, հակառակ դեպքում դպրոցը պարզապես չի համապատասխանի ավագ դպրոցի ներկայիս պահանջներին։
«Ցայգ» ՀԸ