Բացել լրահոսը Փակել լրահոսը
MHM0165758
A A
Հասարակություն

Այսօր Հայ առաքելական եկեղեցին նշում է Սուրբ Աստվածածնի Վերափոխման տոնը (տեսանյութ)

Հայ Առաքելական եկեղեցին այսօր նշում է Սուրբ Մարիամ Աստվածածնի Վերափոխման տոնը՝ Հայ Եկեղեցու հինգ տաղավար տոներից չորրորդը և Տիրամորը նվիրված ամենահին տոնը։

Ըստ եկեղեցական ավանդության՝ Փրկչի Համբարձումից 12 տարի անց Գաբրիել հրեշտակապետը Սուրբ Մարիամին ավետեց, որ լրացել է երկրային կյանքում նրա ժամանակը, և նա պիտի փոխադրվի երկնային փառք։ Հրեշտակը նրան հայտնվեց Ձիթենյաց լեռան վրա և տվեց արմավենու ճյուղեր՝ որպես հաղթության նշան։

Տիրամայրը հավաքեց իր ազգականներին և առաքյալներին ու հայտնեց իրեն սպասվող Վերափոխման մասին։ Առաքյալները, Սուրբ Հոգու զորությամբ աշխարհի տարբեր կողմերից հավաքվելով, ներկա եղան նրա վերջին օրերին։ Սուրբ Մարիամի ննջումից հետո նրա մարմինը թաղեցին Գեթսեմանիում։

Եկեղեցական ավանդության համաձայն՝ երեք օր անց Քրիստոսը հրեշտակների ուղեկցությամբ եկավ Տիրամոր գերեզմանին և նրա մարմինը վերցրեց երկինք՝ միավորելով հոգու հետ։ Այդպես Սուրբ Կույսը, ըստ քրիստոնեական հավատքի, արժանացավ փառավոր հարության և երկինք վերափոխվեց։

Հայկական ավանդության համաձայն՝ Տիրամոր պատկերը Բարդուղիմեոս առաքյալը բերել է Հայաստան։ Այնուհետև Անձևյաց գավառում կառուցվել է Սուրբ Աստվածածին եկեղեցի, ապա՝ կուսանոց և Հոգեաց վանք։ Դարերի ընթացքում սրբապատկերի հետքերը կորել են, սակայն պահպանվել է Տիրամոր անունը կրող եկեղեցիներ ու վանքեր ուխտի գնալու ավանդույթը։

Խաղողօրհնեք

Վերափոխման տոնի կարևորագույն արարողություններից է Խաղողօրհնեքը։ Սուրբ Պատարագից հետո եկեղեցիներում օրհնվում են խաղողի ողկույզները, որոնք այնուհետև բաժանվում են հավատացյալներին։

Եկեղեցական մեկնության համաձայն՝ խաղողն առանձնահատուկ նշանակություն ունի, քանի որ Քրիստոսն Իրեն անվանել է «ճշմարիտ որթատունկ»․ «Ես եմ ճշմարիտ որթատունկը» (Հովհ. 15:1)։ Խաղողի գինին էլ Քրիստոսն Իր փրկական Արյան խորհրդանիշն է դարձրել՝ Վերնատանը հաստատելով Նոր Ուխտը։

Այդ պատճառով Վերափոխման տոնին խաղողը՝ որպես տարվա բերքի երախայրիք, ընծայվում է Աստծուն և օրհնվում։ Խաղողօրհնեքի ընթացքում եկեղեցին գոհություն է հայտնում առատ բերքի համար և խնդրում Աստծո օրհնությունը՝ հոգու և մարմնի առողջության ու բարօրության համար։

Վերափոխման տոնը Հայ Եկեղեցում միավորում է Տիրամոր հանդեպ սերն ու բարեխոսության հավատը, կյանքի ու անմահության խորհրդի ընկալումը և տարվա բերքի համար Աստծուն երախտագիտությունը։