Մրցավարը միտումնավոր սխալ է դատել խաղը
Օբյեկտիվ մրցավարության խնդիրները մտահոգիչ են ոչ միայն Հայաստանում, այլ ողջ եվրոպական ֆուտբոլում։
Դրա վառ օրինակներից մեկը հոկտեմբերի 11-ին կայացած Իռլանդիա-Հայաստան «Եվրո-2012-ի» ընտրական մրցաշարի հանդիպման ժամանակ, իսպանացի մրցավար Իտուրալդե Գոնսալեսի թույլ տված աղաղակող սխալն էր, որից տուժեց շրջափուլում գերազանց ելույթ ունեցած ՀՀ ազգային հավաքականը՝ զրկվելով փլեյ-օֆֆում Եվրո-2012-ի եզրափակիչ մրցաշարի ուղեգրի համար պայքարելու հնարավորությունից:
Եթե մրցավարների որակավորումը վերապատրաստման միջոցով կարելի է բարձրացնել, ապա կողմնակալ մրցավարության երևույթի կանխման դեմ ավելի լուրջ քայլեր պիտի ձեռնարկել:
Այդ երեւույթի կանխարգելակմանը միտված քայլ է՝ այսօր «Հանրապետական» մարզադաշտում վերախաղարկվող ՀՀ բարձրագույն խմբի առաջնության 22-րդ տուրի Փյունիկ -Իմպուլս հանդիպումը:
ՀՖՖ գործկոմը այս արտառոց ու ծայրահեղ քայլին է դիմել, քանի որ գտնում է, սեպտեմբերի 18-ին այդ թիմերի հանդիպման ժամանակ, մրցավար Արման Ամիրխանյանը միտումնավոր սխալներ է թույլ տվել, որոնք ազդել են հանդիպման արդյունքների վրա:
Հիշեցնենք, որ 1:0 հաշվով հօգուտ Փյունիկի ավարտված այդ խաղում Ամիրխանյանը չէր հաշվել Իմպուլսի խփած «մաքուր գոլը»:
Այժմ շատ կարեւոր է թե. ՀՖՖ-ն ո՞ւմ կվստահի այսօր վերախաղարկվող հանդիպման սպասարկումը, քանի որ խաղի արդյունքը շատ կարևոր է մրցանակային տեղերի համար մղվող պայքարում եւ էլ ավելի կսրի ինտրիգը՝ առաջնությունում: