Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Հասարակություն

Գրիգոր Լուսավորչի մասունքը տարվել է Արագածոտնի թեմի Վարդաբլուր համայնքի Սուրբ Դանիել եկեղեցի (տեսանյութ)

Հունիսի 27-ը գյուղի Սուրբ Դանիել եկեղեցու ուխտի և Վարդաբլուր գյուղի տոնն է: Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսի Հայրապետական տնօրինությամբ, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Արագածոտնի թեմի Վարդաբլուր համայնքի Սուրբ Դանիել եկեղեցի է տեղափոխվել Գրիգոր Լուսավորչի մասունքը: Մատուցվեց Սուրբ և Անմահ Պատարագ:

Այսօր Վարդաբլուր համայնքում տոնվեց Սուրբ Դանիել եկեղեցու ուխտի օրը, որը համընկավ Սուրբ Տրդատ թագավորի, Աշխեն թագուհու և Խոսրովիդուխտ կույսի հիշատակության օրվա հետ:
 
Այս առիթով, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի Հայրապետական տնօրինությամբ, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից, հավատացյալների երկրպագության համար առաջին անգամ Վարդաբլուր բերվեց մեր հավատքի Հայր՝ Սուրբ Գրիգոր Լուսավորիչ Հայրապետի մասունքները ու մատուցվեց տոնական Սուրբ և Անմահ Պատարագ:
 
Օրվա պատարագիչն էր՝ համայնքի հոգևոր հովիվ Արժանապատիվ Տեր Հայկ քահանա Քոչարյանը:
 
Պատարագիչ հոգևորականը ներկաներին ուղղված իր քարոզում խոսեց օրվա խորհրդի մասին, պատգամեց հավատարիմ մնալ սրբազան այն արժեքներին, որոնք փոխանցվել են մեզ և հավատքով ու խոնարհաբար մոտենալ սրբություններին, ոչ թե ավելնորդ ժամանակից հատկացնել Տիրոջը, այլ Սուրբ Դանիելի օրինակով առանձնակի Տիրոջ ժամն ունենալ և սրտանց ու շատ աղոթել:
 
Սուրբ Պատարագին ներկա էին Ապարանի հովվության հոգևոր հովիվ՝ Արժանապատիվ Տեր Մուշե քահանա Վահանյանը, Ապարանի և Հովհաննավանքի հովվության հոգևոր հովիվ՝ Արժանապատիվ Տեր Սարգիս քահանա Սարգսյանը, եկեղեցու բարերարներ, ուխտավորաբար Վարդաբլուր եկած հավատավոր զավակներ:
 
Հավարտ Սուրբ Պատարագի տեղի ունեցավ Անդաստանի արարողություն:
 
Տոնական օրվան իրենց մասնակցությունը բերեցին և օրը իրենց գեղեցիկ աշխատանքներով զարդարեցին՝ Վարդաբլուր համայնքի «Լույս մանկանց» կիրակնօրյա դպրոցի սաները: