Բացել լրահոսը Փակել լրահոսը
Իրակլի Կոբախիձե
A A
Քաղաքականություն

Վրաստանը զարգացնում է կապերը Հայաստանի և Կենտրոնական Ասիայի երկրների հետ․ Կոբախիձե

Վրաստանը գերազանց հարաբերություններ ունի Հայաստանի, Ադրբեջանի և Թուրքիայի հետ և միաժամանակ ակտիվորեն զարգացնում է կապերը Կենտրոնական Ասիայի երկրների հետ։ Այդ մասին Տաջիկստանում լրագրողների հետ զրույցում հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն։
 
Նրա խոսքով՝ Կենտրոնական Ասիայի երկրների հետ համագործակցության խորացումը հատուկ նշանակություն ունի, քանի որ Վրաստանը յոթ երկիր կապում է Սև ծովի և, համապատասխանաբար, արևմտյան տարածքի հետ։ Վարչապետը նշել է, որ առևտրատնտեսական տեսանկյունից կարևոր է լիարժեք օգտագործել այդ ներուժը։
 
Կոբախիձեն հիշեցրել է, որ վերջերս այցելել է Ղրղզստան, շուտով կայցելի Ղազախստան, իսկ հուլիսին Վրաստան կայցելեն Ուզբեկստանի և Թուրքմենստանի նախագահները։
 
Վրաստանի վարչապետի գնահատմամբ՝ այս գործընթացները կնպաստեն երկրի տարանցիկ գործառույթի ամրապնդմանը և տնտեսական ներուժի առավել արդյունավետ օգտագործմանը, ինչը կառավարության հիմնական առաջնահերթություններից մեկն է։