Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Հասարակություն

Դիլիջանում բացվել են PPLS Rooms քոլիվինգը և Villa3 Community hub-ը

Երկու նոր քաղաքային ենթակառուցվածքային նախագծեր Դիլիջանում։

Գրին Ռոք բազմաֆունկցիոնալ համալիրի զարգացման շրջանակում, բացվել են PPLS Rooms քոլիվինգը և Villa3 Community hub-ը։ PPLS Rooms-ը գտնվում է քաղաքի կենտրոնից ընդամենը մի քանի րոպե հեռավորության վրա։  Ունի 60 սենյակ և միաժամանակ կարող է հյուրընկալել մինչև 120 մարդու։ Այն հարմար է ինչպես կարճաժամկետ, այնպես էլ երկարաժամկետ բնակության համար։Ակնկալվում է, որ տարեկան PPLS Rooms-ը կհյուրընկալի մինչև 8,000 հյուրի և ռեզիդենտի։

«Վերջին տարիներին Դիլիջանը զգալիորեն փոխվել է և այսօր ավելի վստահորեն է դիրքավորվում որպես կյանքի, աշխատանքի և զբոսաշրջության միջազգային ուղղություն։ Դրան զուգահեռ փոխվում են նաև մարդկանց սպասումները քաղաքից․ աճում է ժամանակակից բնակության, աշխատանքի և կրթության համար նախատեսված տարածքների պահանջարկը։
PPLS Rooms-ը և Villa3-ը այս վերափոխման կարևոր մասն են։ Մեր նպատակն է ձևավորել այնպիսի միջավայր, որը գրավիչ կլինի երիտասարդ ընտանիքների, մասնագետների, ուսանողների և բոլոր նրանց համար, ովքեր իրենց ապագան կապում են Դիլիջանի հետ»,-ասում է  Գրին Ռոք-ի ռազմավարական զարգացման խորհրդական Վազգեն Գևորկյանը։

Երեկոյան, երբ արդեն մութ է, լուսային շոուով ազդարարվում է Villa3 Community hubի բացումը։Villa3-ում նախատեսված են աշխատանքային գոտիներ, հանդիպումների սենյակներ, գրադարան, դասախոսությունների և միջոցառումների տարածք, հանգստի գոտիներ և բացօթյա տեռաս։ Տարածքի առանցքային տարրերից է կենտրոնական բուխարին, որը պատրաստված է վերամշակված պլաստիկից՝ 3D տպագրության տեխնոլոգիայի կիրառմամբ։

Green Rock-ի գլխավոր տնօրեն Կատերինա Դանեկինայի խոսքով` առաջիկա տարիներին Գրին Ռոք-ի նախագծերը կստեղծեն մինչև 800 աշխատատեղ,ուստի կարևոր է, որ դրան զուգահեռ զարգանան նաև բնակության, աշխատանքի և փոխգործակցության ժամանակակից ձևաչափերը։