Շնորհավորանքներ Ռուսաստանի օրվա կապակցությամբ (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինՓոխվարչապետ Մհեր Գրիգորյանը մասնակցել է Ռուսաստանի օրվա առթիվ կազմակերպված միջոցառմանը, որի ընթացքում հանդես է եկել շնորհավորական ուղերձով, որում մասնավորապես նշել է. «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի հարգելի՛ նախագահ, Ձերդ գերազանցություն, պարոն դեսպան, Սիրելի՛ բարեկամներ, հարգելի՛ գործընկերներ, տիկնա՛յք և պարոնա՛յք, Հայաստանի Հանրապետության կառավարության անունից և անձամբ իմ կողմից ընդունեք մեր անկեղծ շնորհավորանքները Ռուսաստանի օրվա կապակցությամբ։ Այս տոնը պետականության, ազգային միասնության և ժամանակակից Ռուսաստանի վստահ զարգացման խորհրդանիշն է։ Ռուսաստանի Դաշնությունը կարևոր տեղ է զբաղեցնում համաշխարհային քաղաքականության, տնտեսության և մշակույթի մեջ, իսկ նրա ձեռքբերումները վկայում են բազմազգ ժողովրդի ստեղծարար աշխատանքի և տաղանդի մասին։ Հայաստանին և Ռուսաստանին կապում են դարավոր պատմական հարաբերություններ, որոնք հիմնված են փոխադարձ հարգանքի, ամուր բարեկամության և մեր ժողովուրդների միջև սերտ հումանիտար կապերի վրա։Մենք բարձր ենք գնահատում մեր համագործակցության պատմությունը և համոզված ենք, որ երկկողմ փոխգործակցության հետագա զարգացումը բխում է երկու երկրների շահերից և նպաստում է տարածաշրջանում կայունության և բարեկեցության ամրապնդմանը։ Մեր համագործակցության կուտակված փորձը երկարաժամկետ, հիմնարար և արժեքավոր ակտիվ է, որն անհրաժեշտ է պահպանել միջազգային հարաբերությունների յուրաքանչյուր կոնֆիգուրացիայի դեպքում: Այս նշանակալի օրը մաղթում ենք Ռուսաստանի Դաշնությանը խաղաղություն, բարգավաճում և հաջողություններ զարգացման ճանապարհին, իսկ Ռուսաստանի բոլոր քաղաքացիներին՝ երջանկություն, բարօրություն և վստահություն վաղվա օրվա հանդեպ։ Հույս ենք հայտնում, որ առկա հարցերն ու տարաձայնությունները կհաղթահարվեն բաց երկխոսության շնորհիվ, իսկ Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև հարաբերությունները հետագայում ևս կզարգանան փոխըմբռնման, փոխադարձ հարգանքի և բարիդրացիության ոգով՝ ի բարօրություն մեր պետությունների և ժողովուրդների։ Շնորհավոր Ռուսաստանի օրվա կապակցությամբ։ Շնորհակալություն ուշադրության համար»: