Մեղմ սեղմեք․ ճապոնացի խոհարարը բացատրում է՝ ինչպես իշխանով սուշի պատրաստել (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինՄիախառնելով ճապոներենը, անգլերենն ու հայերենը՝ Հիրոկի Թաչիրին բացատրում է՝ ինչպես պատրաստել սուշի։ Գրականության եւ արվեստի թանգարանում Հիրոկի Թաչիրին, որը ճապոնական խոհանոցի հավատարմագրված մասնագետն է Հայաստանում, դասախոսություն է անցկացնում «Մոնոգա՛տարի. ճապոնական համ, ձև և ոգի» խորագրով։
Սրահը լեցուն է․ եկել են տարբեր տարիքի՝ ճապոնական մշակույթի ու սուշիի սիրահարներ։ Հատկապես ակտիվ են երեխաները, որոնք ուզում են մասնակից դառնալ սուշիի պատրաստման գործընթացին։ «Ո՞վ է ուզում ինձ հետ սուշի պատրաստել»,- հարցին ի պատասխան այնքան ձեռքեր են բարձրանում, որ նա ստիպված է «չինգաչունգ» անել ընտրելու համար։
«Ես հիմա օգտագործում եմ իշխան ձուկ»,-ասում է նա՝ բացատրելով, որ պատրաստում է «Նիգիրի սուշի» ( ձուկ+ բրինձ)։
Սուշին ճապոնական խոհանոցի մաս է դարձել 3-4-րդ դարերում։ Առաջին սուշին կոչվում էր «Նարե սուշի», որը խիստ տարբերվում էր այսօրվա սուշիներից։ Հիրոկի Թաչիրին փուլ առ փուլ ներկայացնում է, իր բառերով, սուշիի կատարելագործումն ու գլոբալիզացումը։
Սուշին, ըստ էության, Հայաստան է հասել շնորհիվ ճապոնացի գաղթյալների, որոնք ԱՄՆ-ում 1963թ-ին բացել են սուշիի ռեստորան, որից հետո «Կալիֆոռնիա ռոլլերը» դարձել են հայտնի նաեւ Ռուսաստանում, ավելի ուշ՝ Հայաստանում։
Ըստ Հիրոկի Թաչիրիի՝ շատերը կարծում են, որ «սուշի» նշանակում է հում ձուկ, սակայն իրականում «սուշի» անվանում են ճաշատեսակի պատրաստման համար օգտագործվող քացախով բրինձը։
Սուշիի նախատիպը առաջացել է Հարավարևելյան Ասիայում, որտեղ ձուկը պահում էին բրնձի մեջ , իսկ բրինձը դեն էին նետում ուտելուց առաջ ։ Հետագայում, սակայն, բրինձը դարձավ ճաշատեսակի անբաժանելի մաս։
Ի դեպ, նրանց, ովքեր կցանկանան տանը պատրաստել իշխանով «Նիգիրի սուշի», ճապոնական խոհանոցի հավատարմագրված մասնագետը հիշեցնում է բաղադրատոմսը՝ 15-20գ ձկանը՝ 45-60 գ բրինձ ու «ամենակարեւորը պետք է սեղմել, բայց շատ մեղմ»։ Ընդհանրապես՝ կախված սուշիի տեսակից՝ «սեղմելը լինում է մեղմ, միջին եւ ուժեղ»,- ծիծաղելով բացատրում է Հիրոկի Տաչիրին։
Իսկ վերջում սուշիի 8 տեսակների պատրաստման աշխատարանի մասնակիցները ուտում են իրենց իսկ պատրաստած սուշին։