Թուրքիան «Միջին միջանցքը» առաջարկում է որպես Հորմուզի նեղուցի այլընտրանք. Financial Times
Աջակցիր «Ա1+»-ինԹուրքիան ընդլայնում է «Միջին միջանցք»-ն առաջ տանելու ջանքերը՝ այն ներկայացնելով որպես Հորմուզի նեղուցի այլընտրանք, գրում է Financial Times-ը, հավելելով՝ «Անկարան հույս ունի, որ Հայաստանի հետ սահմանի բացումից հետո այդ ճանապարհը կարող է դառնալ համաշխարհային առևտրային հանգույցի մաս»։
Փաստելով, որ այս տարվա սկզբին թուրք պաշտոնյաները սկսել են Ալիջանի՝ 32 տարի փակված անցակետում տեղադրել անձնագրեր ստուգելու համար անհրաժեշտ համակարգեր, բրիտանական պարբերականը նշում է. «Հայաստանի հետ սահմանի վերջնական վերաբացումը Թուրքիան ապրանքների և էներգետիկ հոսքերի անվտանգ առևտրային հանգույց դարձնելու Թուրքիայի ջանքերի մի մասն է»։
Թուրքիան «կայունության կղզի» է դառնում՝ դիտարկվելով որպես էներգետիկ մատակարարումների փոխադրման անվտանգ երթուղի, անցած ամիս հայտարարել էր նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։
Միջին միջանցքով նախատեսվում է Չինաստանը կապել Եվրոպայի հետ Կովկասի և Թուրքիայի միջոցով՝ ցամաքային ճանապարհով։
«Եվրոպա-Ասիա առևտուրը տարեկան կազմում է մոտ 3 տրիլիոն դոլար, և դրա 90 տոկոսն իրականացվում է ծովային ճանապարհով», - ասել է Թուրքիայի նախկին վարչապետ Բինալի Յըլդըրըմը, ով այժմ ներգրավված է թուրքական առևտրային ուղիների առաջխաղացման ծրագրերում: Ըստ նրա, ծովային ամենակարճ ճանապարհորդությունը տևում է մոտ 40 օր, մինչդեռ «Միջին միջանցքը՝ ցամաքային ճանապարհը, որը Չինաստանը կապում է Եվրոպային՝ Կովկասի և Թուրքիայի միջոցով, կարող է տևել 12-15 օր»:
Եվրոպացի պաշտոնյաները ոգևորությամբ են արձագանքում։ ԵՄ հանձնակատար Մարթա Կոսը այս տարի Թուրքիան որակեց որպես «կարևոր գործընկեր», իսկ «Միջին միջանցքի» ընդլայնման առաջարկը համարեց «խաղի կանոնները փոխող» նախագիծ։
«Այլընտրանքային երթուղիների մշակումը դարձել է անհրաժեշտություն», - փետրվարին ասել էր Թուրքիայի տրանսպորտի նախարար Աբդուլքադիր Ուրալօղլուն՝ ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից Իրանի դեմ զանգվածային օդային հարվածներ հասցնելուց մի քանի օր առաջ։
Այդուհանդերձ, նախագիծը կանգնած է մի շարք սպառնալիքների առաջ, փաստում է Financial Times-ը, այդ շարքում դասելով Կասպից ծովով դանդաղ լաստանավային անցումները, միմյանց անհամապատասխան երկաթուղային ենթակառուցվածքները և տարբերակված ու բարդ մաքսային ընթացակարգերը, որոնք այս երթուղին դարձնում են շատ ավելի դանդաղ, քան հյուսիսային միջանցքը, որը Չինաստանը միացնում է Եվրոպային Ռուսաստանի տարածքով՝ ուղիղ երկաթուղային կապով և արդեն տարեկան տեղափոխում է 40 միլիոն տոննա բեռ։
«Միջին միջանցքը» մի երթուղի է, որը «բոլորին է պետք, բայց քչերն են նախընտրում դրանից օգտվել», փաստել է JPMorgan ներդրումային բանկի վերջին զեկույցը։
«TRIPP-ը նաև շրջանցում և խոցելի է դարձնում Իրանը։ Ռուսաստանը, որը ավանդաբար գերիշխել է Կովկասում, նույնպես անհանգստացած է», - նշում է բրիտանական պարբերականը, հիշեցնելով, որ այս ամսվա սկզբին նախագահ Վլադիմիր Պուտինը զգուշացրել էր Հայաստանին, որ Մոսկվան կարող է սահմանափակել ռուսական գազի մատակարարումները երկիր:
Առևտրային ոլորտի պաշտոնյաներն ու տնտեսագետները զգուշացնում են, որ Պարսից ծոցի ծովային անցակետերին կամ նույնիսկ Ռուսաստանի միջով անցնող արդեն իսկ գոյություն ունեցող հյուսիսային միջանցքին առաջիկայում այլընտրանք ստեղծելու Թուրքիայի առաջարկը սին երազանք է, գրում է Financial times-ը, հավելելով՝ «ինչ վերաբերում է TRIPP-ին՝ ապագան կախված է ինչպես քաղաքականությունից, այնպես էլ ճարտարապետական որոշումներից»։
«Վերջին անգամ ԱՄՆ նախագահը Կովկասում իր անունը տվել էր Բաքվում կառուցվող երկնաքերին՝ Trump Tower-ին, որը, սակայն, իրականություն չդարձավ և այդպես էլ չբացվեց՝ կոռուպցիայի և Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների հետ ենթադրյալ կապերի մասին մեղադրանքների պատճառով»։