ՀՀ տարածքում գրանցված շուրջ 25 000 պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների թվին ամեն տարի ավելանում են ևս մի քանի տասնյակ նորահայտ հուշարձաններ․ նախարար
Աջակցիր «Ա1+»-ինԿԳՄՍ նախարար ժաննա Անդրեասյանի շնորհավորական ուղերձը Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային օրվա կապակցությամբ
Պատմամշակութային հուշարձանների hարգելի´պահապաններ, հուշարձաններն ուսումնասիրող և վերականգնող հնագետներ, ճարտարապետներ և շինարարներ, հարգելի՛ քաղաքացիներ, ապրիլի 18-ն աշխարհում նշվում է որպես Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային օր: Այս օրը բոլորիս ևս մեկ անգամ պարտավորեցնում է հիշել, գնահատել ու պահպանել անցյալի արժեքները, որոնք ձևավորում են մեր ազգային ինքնությունը։
Հայաստանի Հանրապետության տարածքում գրանցված շուրջ 25 000 պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների թվին ամեն տարի ավելանում են ևս մի քանի տասնյակ նորահայտ հուշարձաններ։ Պետությունը վերջին տարիներին անհամեմատ ավելացրել է հուշարձանների վերականգնման ծավալները, և տարեկան արդեն խոսում ենք ավելի քան 20 պատմամշակութային հուշարձանների վերականգնման մասին, ինչն աննախադեպ է Հայաստանի պատմության համար: Այսպիսով, ՀՀ պետական բյուջեից 2025 թվականին հատկացվել է շուրջ 1,4 մլրդ դրամ, որը 2022 թվականի նույն ցուցանիշը գերազանցում է 542 %-ով, իսկ վերականգնվող հուշարձանների թիվն ավելացել է 14-ով:
Յուրաքանչյուր տարի պետություն-մասնավոր համագործակցությամբ վերականգնվում և հանրահռչակվում են նոր հուշարձաններ: Հայաստանի հարուստ պատմամշակութային ժառանգությունը պահպանելու և հանրահռչակելու նպատակով պետությունը ոչ միայն դրանք ամրակայում, նորոգում և վերականգնում է, այլ նաև հանրահռչակում՝ որոշներն ընդգրկելով տարբեր միջազգային հեղինակավոր կազմակերպությունների ցանկերում:
Հատկանշական է, որ 2024-2025 թվականներին 29 տարվա դադարից հետո ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության նախնական ցանկում է գրանցվել 3 հուշարձանախումբ՝ Տիրինկատարի վիշապաքարերն ու մշակութային լանդշաֆտը, Երևանի ուրարտական ժառանգությունը և Գառնու հնագիտական համալիրն ու «Բազալտե երգեհոն սյունաձև բազալտներում» բնության հուշարձանը: Սա, թերևս, միջազգային հարթակներում մեր պատմամշակութային հուշարձանները հանրահռչակելու քաղաքականությունն ակտիվացնելու կարևոր քայլ է:
Շատ ենք կարևորում երիտասարդ սերնդի ընդգրկվածությունը հուշարձանների պահպանության գործում: Այս ուսումնական տարվանից յուրաքանչյուր դպրոցի կցվել են իրենց տարածքի հուշարձանները՝ պահպանության և հոգածության նպատակով: Նպատակն է՝ ինչպես հուշարձանի պահպանությանն աջակցումը, այնպես էլ համապատասխան հանրային վարքականոնի ձևավորումը: Մենք ցանկանում ենք, որ երիտասարդ սերունդը ևս քաջ գիտակցի դարերի խորքից եկած ու իրենց հասած ժառանգության պահպանության կարևորությունը:
Հատկանշական է, որ «Եվրոպական ժառանգության երիտասարդ կերտողներ» ծրագրի շրջանակում 3-րդ տարին անընդմեջ հայաստանյան թիմերը հաղթում են համաեվրոպական հարթակում, ինչը նշանակում է, որ մեր երեխաները դաստիարակվում են ճիշտ արժեքներով և գաղափարներով:
Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների հոգածությունը պետության և հասարակության համատեղ պատասխանատվությունն է: Հուշարձանների պահպանությունը մշակութային կրթության կարևոր ուղղություններից է, որում կարևոր են յուրաքանչյուրիս ներդրումն ու ջանքը: Սերունդները պետք է ճանաչեն իրենց անցյալը, արժևորեն ներկան ու փոխանցեն հարուտ ժառանգությունն իրենց հաջորդներին:
Ճանաչե՛նք, պահպանե՛նք ու ժառանգե՛նք սերունդներին մեր պատմության և մշակույթի հուշարձանները, որոնք նաև համաշխարհային մշակույթի մաս են: Մեկ անգամ ևս շնորհավորում եմ և մաղթում արդյունավետ ու արգասաբեր գործունեություն: