Բացել լրահոսը Փակել լրահոսը
1lurer_68
A A
Պաշտոնական

«Հայհիդրոմետ» ՊՈԱԿ-ը համալրվել է շարժական լաբորատորիայով

ՄԱԶԾ կողմից, Երևանում Բրիտանական դեսպանության ֆինանսավորմամբ, Շրջակա միջավայրի նախարարության «Հայհիդրոմետ» ՊՈԱԿ-ի հետ համագործակցությամբ իրականացվող ծրագրի  աջակցությամբ ՊՈԱԿ-ը համալրվել է մթնոլորտային օդի որակի մոնիթորինգի ժամանակակից շարժական լաբորատորիայով։  
 
Մարտի 23-ին` Օդերևութաբանության համաշխարհային օրվան ընդառաջ, կայացավ շարժական լաբորատորիայի ամենագնաց մեքենայի հանձնման արարողությունը։ 
 
Ողջույնի խոսքով հանդես եկան Հայաստանում Մեծ Բրիտանիայի Գործերի ժամանակավոր հանձնակատար և հյուպատոս Փոլ Մորիսը, ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչ Նաթիա Նացվլիշվիլին և «Հայհիդրոմետ» ՊՈԱԿ-ի տնօրեն Լևոն Ազիզյանը։ Միջոցառմանը ներկա էր նաև Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Վահե Դավթյանը։
 
Լևոն Ազիզյանն իր խոսքում նշեց, որ «Հայհիդրոմետ» ՊՈԱԿ-ի ժամանակակից շարժական լաբորատորիայով համալրումը կարևոր քայլ է համակարգի արդիականացման ճանապարհին։ Վերջին տարիներին օդի որակի մոնիթորինգի համակարգը Հայաստանում ակտիվորեն զարգանում է՝ միջազգային չափանիշներին համապատասխան։
 
Դեռևս 2020 թվականին ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի աջակցությամբ մշակված օդի որակի մոնիթորինգի զարգացման հայեցակարգի հիման վրա Կառավարության ֆինանսավորմամբ արդեն ձեռք է բերվել երկու ժամանակակից ավտոմատ դիտակայան, ևս մեկը նախատեսվում է ձեռք բերել 2026 թ-ի ընթացքում։ 
 
Շարժական լաբորատորիան կհամալրի մոնիթորինգի ստացիոնար կայանների աշխատանքը՝ էականորեն ընդլայնելով ՊՈԱԿ-ի՝ օդի որակի վերաբերյալ տվյալների հավաքագրման և վերլուծության կարողությունները։ Այն հնարավորություն կտա իրականացնել տեղում օդի որակի չափումներ, բացահայտել աղտոտման թեժ կետերը, առավել խորությամբ հասկանալ արտանետումների աղբյուրները։
 
Ծրագիրը ներառել է նաև կարողությունների զարգացման բաղադրիչ։ Մարտի 19-ին «Հայհիդրոմետ» ՊՈԱԿ-ի 18 մասնագետ մասնակցել է տեխնիկական վերապատրաստման՝ ապահովելու նոր շարժական լաբորատորիայի արդյունավետ շահագործումը։