Բացել լրահոսը Փակել լրահոսը
653458216_907000635632095_6332948837787910150_n
A A
Պաշտոնական

Կոսը գերազանց է գնահատել ՆԳՆ գործունեությունը ԵՄ-ՀՀ վիզաների ազատականացման գործընթացում

ՆԳ նախարար Արփինե Սարգսյանն ընդունել է ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատար Մարթա Կոսի գլխավորած պատվիրակությանը։ ՆԳ նախարարը բարձր է գնահատել Հայաստան-Եվրամիություն զարգացող հարաբերությունները՝ ընդգծելով, որ սա այս ամսվա ընթացքում արդեն երկրորդ ԵՄ հանձնակատարի այցն է Հայաստան, ինչը վկայում է ակտիվ և արդյունավետ համագործակցության մասին։

Անդրադառնալով ԵՄ վիզաների ազատականացման գործընթացին՝ նախարար Սարգսյանը նշել է, որ Հայաստանը մայիսին կստանա առաջընթացի գնահատման վերջնական զեկույցը և վստահություն հայտնել, որ երկուստեք կարձանագրվեն գոհացուցիչ արդյունքներ։

Որպես հայկական կողմի գլխավոր բանակցող՝ նախարար Սարգսյանը ներկայացրել է երկխոսության մեկնարկից ի վեր գրանցված շոշափելի արդյունքները և վերահաստատել, որ Հայաստանը լիովին հանձնառու է իրականացնել գործողությունների ծրագիրը բարձր որակով և ամբողջ ծավալով։

Նախարարն առանձնահատուկ կարևորել է միգրացիայի և սահմանների համալիր կառավարման, փաստաթղթերի անվտանգության ապահովման ուղղությամբ իրականացվող շարունակական աշխատանքները։
Ընդգծվել է Հայաստանի կողմից Եվրոպոլում կապի սպայի նշանակման կարևորությունը իրավապահ ոլորտի համագործակցության համատեքստում։

Մարթա Կոսը գերազանց է գնահատել ՆԳ նախարարության և անձամբ նախարար Սարգսյանի գործունեությունը ԵՄ-Հայաստան վիզաների ազատականացման գործընթացում։ Նա նշել է, որ Հայաստանը վստահելի գործընկեր է Եվրամիության համար՝ ընդգծելով, որ ներկայումս այն միակ երկիրն է, որի հետ ԵՄ-ն այս ուղղությամբ ակտիվ երկխոսություն է վարում։

Անդրադարձ է կատարվել նաև Միջազգային հանրապետական ինստիտուտի (IRI) նախաձեռնությամբ իրականացված հետազոտությանը, ըստ որի՝ ՆԳՆ ոստիկանության նկատմամբ հանրային վստահության մակարդակը զգալիորեն աճել է։ Հանդիպմանը քննարկվել են նաև անվտանգության, հիբրիդային սպառնալիքներին դիմակայելու և կիբեռհարձակումների դեմ պայքարին առնչվող հարցեր։