Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր

Սերժ Սարգսյանը՝ Իմպիչմենթի մասին (տեսանյութ)

«Մեր որոշումը միասնության մասին է։ Մենք ասում ենք, որ իմփիչմենթը նաև ճգնաժամ հանգուցալուծելու գործիք է»,- ասել է  ՀՀ  երկրորդ նախագահ Սարգսյանը։  Նա պատասխանել է լրագրողների հարցերին դատական նիստից հետո՝ անդրադառնալով առաջիկա ընտրություններին, ներքաղաքական գործընթացներին և տարածաշրջանային անվտանգությանը։

 Սարգսյանը քննադատեց այն տեսակետները, ըստ որոնց  իմփիչմենթ  հնարավոր չէ իրականացնել՝ նշելով, որ նման մոտեցումը հիշեցնում է իշխանությունների վարքագիծը արտաքին քաղաքական հարցերում։

«Նրանք, որոնք ասում են՝ չի լինի, ինչի՞ փորձենք և այլն, նմանվում են այսօրվա Հայաստանի կառավարիչներին, որոնք ասում են՝ մենք թույլ ենք, Ադրբեջանն ինչ ուզում է՝ տանք»,- հայտարարեց նա։

Հարցին, թե արդյոք իրենց քաղաքական ուժը ինչպես կմասնակցի ընտրություններին, Սարգսյանը պատասխանեց, որ վերջնական որոշումը կախված կլինի նրանից, թե որքան արդյունավետ կլինի այդ մասնակցությունը գործող իշխանությունների դեմ պայքարի տեսանկյունից։

Սարգսյանը նաև անդրադարձավ տարածաշրջանային անվտանգային իրավիճակին՝ նշելով, որ Հայաստանի հարևանությամբ ընթացող ռազմական գործողությունները կարող են ազդեցություն ունենալ երկրի վրա։

«Բոլոր պարագաներում մեր հարևանությամբ ռազմական գործողություններ են տեղի ունենում, և որևէ մեկը չի կարող կանխատեսել, թե այդ գործողություններն ինչպես կազդեն մեր իրավիճակի վրա։ Ուստի՝ ես կարծում եմ, որ մեր իշխանությունները լրջորեն պետք է վերաբերվեն այս հանգամանքին, իսկ նրանց լրջությունը պետք է բնութագրվի համարժեք պահվածքով, որը ես չեմ տեսնում»,- ասաց նա։

Լրագրողների հարցին՝ համեմատելով պաշտպանության նախկին նախարար Վազգեն Սարգսյանին և վարչապետ Նիկոլ Փաշինյանին, Սերժ Սարգսյանը նշեց, որ նման համեմատությունը տեղին չէ։

«Անհնար է համեմատել Վազգեն Սարգսյանին ու Նիկոլ Փաշինյանին։ Այո, Վազգենը երկար տարիներ չկա, բայց նրա դիրքորոշումներն ու մոտեցումներն այսօր շատ մարդկանց մեջ են ապրում ու շարունակելու են ապրել»,- ասաց նա։

Անդրադառնալով հնարավոր քաղաքական համագործակցություններին՝ Սարգսյանը նշեց, որ մարդու իրավունքների նախկին պաշտպան Արման Թաթոյանի հետ որևէ քաղաքական համագործակցություն չունի և չի ունեցել՝ ընդգծելով, որ յուրաքանչյուր քաղաքական ուժ իր նախընտրական քարոզարշավը կազմակերպում է ինքնուրույն։