Նարեկ Կարապետյանը ուղիղ եթեր էր մտել (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ին«Ուժեղ Հայաստան» կուսակցության համակարգող Նարեկ Կարապետյանը կուսակցության ֆեյսբուքյան էջում ուղիղ միացումով ներկայացրել է իր քաղաքական ուժի տնտեսական տնտեսական ծրագրի երրորդ կետը՝ «20%-ով ավելի էժան դեղորայք մեր հայրենակիցների համար»։
Նրա խոսքով՝ Հայաստանում գրանցված է ընդամենը 3800 անվանում դեղ, երբ Վրաստանում այդ թիվը 8000 է։ Դա պայմանավորված է դեղերի գրանցման արհեստականորեն բարդացրած գործընթացով։
«Ուժեղ Հայաստան» կուսակցությունը իշխանության գալու պարագայում մտադիր է հեշտացնել դեղերի գրանցման գործընթացը։ Առաջարկվում է Եվրոպական միությունում և ԱՄՆ-ում գրանցված դեղերը ավտոմատ կերպով գրանցել Հայաստանում։ Գրանցված դեղերի քանակի ավելացումը կավելացնի մրցակցությունը և կբերի գների նվազման։ Դա կլուծի նաև դեղերի դեֆիցիտի խնդիրը հայկական շուկայում։
«Քանի որ Հայաստանը փոքր երկիր է, դեղ ներկրողները չեն կարողանում դեղերը գնել անմիջապես արտադրողներից, այլ ձեռք են բերում դրանք միջնորդ ընկերություններից, ավելի թանկ գներով։ Առաջարկվում է, որպեսզի կառավարությունը գին պայմանավորվի խոշոր արտադրողների հետ ամբողջ երկրի պահանջարկի համար, ինչը ևս կնվազեցնի դեղերի գները»,- ասել է նա։
Նարեկ Կարապետյանը հիշեցրել է, որ իրենց տնտեսական ծրագրի կարևոր կետերից մեկը տեղական արտադրության զարգացումն է, ներառյալ՝ դեղերի արտադրությունը։ Դա, ըստ նրա, ևս կնվազեցնի դեղերի գները հայկական շուկայում։