Բացել լրահոսը Փակել լրահոսը
դատարան
A A
Քաղաքականություն

Դատարանն արդարացրել է արդարադատությանը խոչընդոտելու մեջ մեղադրվողներին    

 Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի  դատավոր Մարտին Արզումանյանը  անմեղ է ճանաչել  Նարեկ  Մութաֆյանին եւ Սարգիս  Օհանջանյանին։ Այս մասին տեղեկացրել է փաստաբան Վահե Եփրիկյանը:

  Նրանք մեղադրվում էին արդարադատությանը խոչընդոտելու մեջ:

  Ըստ մեղադրական եզրակացության՝ Նարեկ Մութաֆյանը եւ  Սարգիս Օհանջանյանը , նախապես տեղեկանալով Ռոբերտ Քոչարյանի և մյուսների վերաբերյալ քրեական գործը քննող Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթ նստավայրի դատավոր Աննա Արտեմի Դանիբեկյանի կողմից ՀՀ արդարադատության ակադեմիայում գտնվելու և դասընթացների մասնակցելու մասին, դատավորի կարծիքի վրա ազդելու նպատակով, 2019թ. սեպտեմբերի 27-ին, ժամը 16:50-ի սահմաններում,  գնացել էին  Երևան քաղաքի Փիրումյանների փողոցի թիվ 9 հասցեում գործող ՀՀ արդարադատության ակադեմիա, սպասել նշված վայրի բակում, որպեսզի դհանդիպեն Դանիբեկյանին, հանդիպումը տեսաձայնագրեն եւ  այն ուղիղ կապի միջոցով «փորձենք օգնել ֆեմիդային» վերտառությամբ հոդվածի տեսքով տարածեն համացանցում, սակայն Դանիբեկյանը, խույս տալով վերջիններիցս, դուրս էր եկել ակադեմիայի հետեւի  մուտքից ու հեռացել:

Այնուհետև, նույն օրը՝ ժամը 20:30-ի սահմաններում, շարունակելով իրենց հանցավոր մտադրությունը, Երևան քաղաքի Արշակունյաց պողոտայի 28 հասցեում գտնվող Կոմիտասի անվան պանթեոնի հարակից այգում հետապնդել են իր բնակության վայր գնացող Դանիբեկյանին եւ վերջինիս պատիվն ու արժանապատվությունը նվաստացնելով` հարցրել նրան, թե արդյոք «վնգստացող» դատավորների շարքի՞ն է պատկանում` կապված Ռ. Քոչարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցի որոշման հետ, որից հետո Նարեկ Մութաֆյանն առաջարկել է նրան ցույց տալ գլխի հատվածը պարզելու համար՝ փայտի հարվածների հետքեր կան նրա գլխին, թե` ոչ, որից հետո փորձել է տեսանկարահանել այդ հատվածը եւ այդ ամենն իր ու Օհանջանյանի կողմից տեսաձայնագրելու և ուղիղ կապի միջոցով համացանցում տարածելու ձևով ճնշում գործադրելով` միջամտել է Ռոբերտ Քոչարյանի վերաբերյալ դատական գործով Դանիբեկյանի կողմից հետագայում կայացվելիք որոշումների արդարացի ընդունման վրա:

 Ըստ փաստաբանի՝ իր պաշտպանյալները  տեւական ժամանակ եղել են ապօրինի կալանքի տակ, շուրջ 7 տարի կրել են մեղադրյալի/ամբաստանյալի կարագավիճակից բխող սահմանափակումներ, սակայն նույնիսկ վաղեմության ժամկետի լրանալով պայմանավորված՝ չեն  համաձայնել գործի այդ հիմքով կարճմանը՝ վստահ լինելով՝ այս օրը գալու է։

  Ի դեպ, Աննա Դանիբեկյանն այլեւս դատավոր չէ:  Բարձրագույն դատական խորհուրդը նրա լիազորությունները դադարեցրել է Ռոբերտ Քոչարյանի գործով հարուցված կարգապահական վարույթի շրջանակներում: