Բացել լրահոսը Փակել լրահոսը
Միրզոյան հեռախոս
A A
Քաղաքականություն

Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Իրանի ԱԳ նախարարի հետ․ Իրանի դեսպանատուն

Այսօր` մարտի 2-ին, տեղի ունեցավ Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Սեյյեդ Աբբաս Արաղչիի և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի հեռախոսազրույցը: Այս մասին հայտնում է Հայաստանում Իրանի դեսպանությունը։

«Զրույցի ընթացքում Արաղչին, անդրադառնալով ԱՄՆ-ի և սիոնիստական ռեժիմի կողմից բանակցությունների ընթացքում Իրանի դեմ իրականացված անօրինական և արդարացում չունեցող ագրեսիային, ընդգծեց, որ Իրանը գտնվում է լայնածավալ պատերազմի մեջ։ Նա նշեց, որ Իրանի Իսլամական Հանրապետությունն, ի պատասխան այս անհանդուրժելի ագրեսիայի, թիրախավորել է օկուպացված տարածքներն ու տարածաշրջանում ամերիկյան ռազմակայանները: Իրանը պատրաստ է շարունակել ինքնապաշտպանությունն այնքան, որքան անհրաժեշտ կլինի, ինչպես նաև վրեժ լուծել իր նահատակ առաջնորդի արյան համար»,- գրված է  հաղորդագրության մեջ, որը տեղեադրվել է  Տելեգրամում։

Միրզոյանն այս զրույցի ընթացքում իր ցավակցությունը հայտնեց Գերագույն առաջնորդի, ինչպես նաև իրանցի մի շարք քաղաքացիների, կանանց և երեխաների նահատակության կապակցությամբ։ Նա նաև հայտարարեց Հայաստանի պատրաստակամության մասին՝ այս պայմաններում անհրաժեշտ ցանկացած մարդասիրական աջակցություն ցուցաբերելու ուղղությամբ` հույս հայտնելով, որ ստեղծված իրավիճակը դիվանագիտական հանգուցալուծում կստանա։

 ՀՀ ԱԳՆ-ը  դեռ հաղորդագրություն չի տարածել։

 Ի  դեպ,  Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպան Խալիլ Շիրղոլամին այսօր, ժամը 15:00-ին, մամուլի ասուլիս է  հրավիրել։