Բացել լրահոսը Փակել լրահոսը
03-770x510-1
A A
Հասարակություն

Ե՞րբ է իրականում սկսվում գարունը․ Ազիզյան

«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լևոն Ազիզյանը սոցցանցի իր էջում գրել է.

«Ամեն տարի մարտի 1-ին սովորության համաձայն շնորհավորում ենք միմյանց գարնան գալստյան առիթով և ամեն տարի սխալվում ենք։ Չուկոտկայում այդ օրը կարող է լինել -25, Օյմյակոնում՝ -40, իսկ իրական ջերմությանը դեռ մի քանի ամիս կա։ Իրականում՝ գարունն ունի չորս տարբեր սահմանում՝ օրացուցային, կլիմայական, օդերևութաբանական և աստղագիտական։ Փորձենք հասկանալ, թե դրանցից ո՞րն է առավել մոտ իրականությանը։
 
Շնորհավորեք հյուսիսային կիսագնդի ցրտի բևեռի՝ Օյմյակոնի գարնան գալուստը
 
Ամեն տարի մարտի 1-ին միլիոնավոր մարդիկ փոխանակվում են ձնծաղիկներով բացիկներ և ուրախությամբ հայտնում միմյանց․ «Գարունը եկավ»։ Սակայն փորձեք նույն ոգևորությամբ արտաբերել այս խոսքերը, եթե կանգնած եք Անադիրի փողոցում, որտեղ ջերմաչափը ցույց է տալիս -25։ Կամ Օյմյակոնում, որտեղ այդ օրը ջերմաստիճանը կարող է իջնել մինչև -40։ Ոչ մի հալոցք, ոչ մի բացված հողատարածք, ոչ մի չվող թռչուն և միայն սառած հող, ձնակույտեր և սառցե քամի։ Իրական ջերմությանը այստեղ դեռ առնվազն մեկ ամիս կա, իսկ Սիբիրի որոշ շրջաններում՝ նույնիսկ երկու։ Այդ դեպքում ի՞նչն ենք մենք իրականում տոնում մարտի 1-ին։
 
Պարզվում է՝ գարունն ունի ամբողջ չորս «տարբերակ»՝ օրացուցային, կլիմայական, օդերևութաբանական և աստղագիտական։ Յուրաքանչյուրը սահմանվում է իր չափանիշներով, և դրանց սկիզբը կարող է տարբերվել շաբաթներով, անգամ՝ ամիսներով։ Այս տարբերությունների հասկանալը ոչ միայն բավարարում է հետաքրքրասիրությունը այլև օգնում է մեզ ավելի լավ հասկանալ, թե ինչպես է կառուցված կլիման և ինչու է բնությունը երկրի տարբեր անկյուններում ապրում բոլորովին տարբեր ժամանակացույցերով։
 
Օրացուցային գարուն․ պայմանականություն, որը բնության համար ոչինչ չի նշանակում
 
Օրացուցային գարունը չորս սահմանումներից ամենապարզն ու ամենախաբուսիկն է։ Այն սկսվում է հստակ մարտի 1-ին Հյուսիսային կիսագնդում, և դա զուտ ձևական ամսաթիվ է՝ կապված Գրիգորյան օրացույցի կառուցվածքի հետ, որտեղ տարին բաժանված է չորս եղանակների՝ յուրաքանչյուրը երեք ամսով․ մարտ, ապրիլ և մայիս ամիսները համարվում են գարնանային։ Այս պայմանականությունը որևէ կապ չունի իրական եղանակի, ձնածածկույթի վիճակի կամ բուսական և կենդանական աշխարհի վարքագծի հետ։ Այն նույնն է թե՛ Մեղրիի համար, որտեղ մարտի սկզբին արդեն ծաղկում է նշենին, և թե՛ Աշոցքի համար, որտեղ այդ ժամանակ դեռ ձմեռ է։ Օրացուցային գարունը պարզապես պայմանավորվածություն է՝ հարմար քաղաքացիական կյանքի կազմակերպման համար, բայց լիովին անօգուտ, եթե ցանկանում եք հասկանալ, թե երբ է բնությունը իրականում արթնանում։
 
Մարտը ձմեռային ամիս է, և ահա թե ինչու
 
Մարտն ընդունված է համարել գարնան առաջին ամիսը, սակայն կլիմայական առումով այս պնդումը որևէ քննադատության չի դիմանում։ Օրինակ՝ Ռուսաստանի տարածքի մեծ մասում մարտի միջին ջերմաստիճանը մնում է զրոյից ցածր։ Գետերը դեռ սառցակալած են, ձնածածկույթը պահպանվում է գրեթե ամենուր, իսկ Արկտիկայից պարբերաբար ներթափանցող ցուրտ ալիքները բերում են բուք և առատ ձյուն։ Մոսկվայում մարտյան սառնամանիքները սովորական երևույթ են, իսկ Սիբիրում մարտը ջերմային ռեժիմով քիչ է տարբերվում հունվարից։ Բոլոր օբյեկտիվ օդերևութաբանական չափանիշներով մարտը դեռ ձմեռ է։ Այն գարնանային կարելի է անվանել միայն օրացույցով, ոչ թե բնության մեջ ընթացող գործընթացների էությամբ։
 
Իսկ ի՞նչ է գարունը գիտական տեսանկյունից։ Դա բնության արթնացման գործընթացն է ձմեռային հանգստից հետո, և այն գործարկվում է ոչ թե օրացույցի էջի շրջմամբ, այլ մեկ հստակ ֆիզիկական գործոնով՝ ջերմաստիճանով։ Հենց միջին օրական ջերմաստիճանի կայուն անցումն է զրոյից վեր, որ առաջացնում է ձյան հալոցք, գետերի սառցազատում, բույսերի վեգետացիայի սկիզբ և չվող թռչունների վերադարձ։ Մնացած ամեն ինչ հետևանք է։
 
Կլիմայական գարուն․ տասնամյակներով հաստատված ամսաթիվ
 
Եթե մարտի 1-ը չի կարող լինել հուսալի կողմնորոշիչ, ապա ե՞րբ է գարունը իրականում սկսվում։ Պատասխանը տալիս է կլիմայական գարուն հասկացությունը, և այն տարբեր է յուրաքանչյուր տարածաշրջանի համար։
 
Կլիմայական գարունը սահմանվում է բազմամյա դիտարկումների հիման վրա։ Կլիմայագետները վերցնում են տվյալներ 30 տարվա համար և հենց այդ ժամանակահատվածն է Համաշխարհային օդերևութաբանական կազմակերպության կողմից ընդունված որպես կլիմայի նկարագրության ստանդարտ և հաշվարկում են միջին ամսաթիվը, երբ միջին օրական օդի ջերմաստիճանը կայուն անցնում է զրոյից վերր։ Սա առանցքային պահ է․ այդ օրվանից սկսած ձնածածկույթը արագորեն կրճատվում է, գետերում սկսվում է սառցաշարժը, հողում ակտիվանում են հալոցքային գործընթացները, բույսերը մտնում են աճի փուլ։ Բնությունն, իրականում, կենդանանում է՝ ոչ թե օրացույցի ժամանակացույցով, այլ ֆիզիկական օրենքների համաձայն։
 
Կարևոր է հասկանալ, որ կլիմայական գարնան սկիզբը ստատիկ մեծություն է։ Այն կախված չէ կոնկրետ տարվա եղանակից, այլ արտացոլում է բազմամյա օրինաչափությունը։
 
Երևանի համար այդ ամսաթիվը մոտավորապես փետրվարի 18-ն է, Գյումրիի համար՝ մարտի 18-ը, Ջերմուկի համար՝ մարտի 28-ը: Ավելի քան մեկ ամսվա տարբերությունը հստակ ցույց է տալիս, թե որքան անիմաստ է ամբողջ երկրի համար գարնան միասնական սկիզբ սահմանելը։
 
Օդերևութաբանական գարուն․ ամեն տարի տարբեր
 
Կլիմայական գարունը ցույց է տալիս, թե «սովորաբար» երբ է գալիս ջերմությունը, սակայն կոնկրետ տարին կարող է զգալիորեն շեղվել նորմայից։ Այստեղ է, որ կարևոր դեր է ստանում օդերևութաբանական գարուն հասկացությունը՝ դինամիկ, կապված տվյալ սեզոնի իրական ջերմաատիճանային ցուցանիշների հետ։
 
Օդերևութաբանական գարունը սկսվում է այն պահին, երբ միջին օրական ջերմաստիճանը անցնում է զրոյից վեր և կայուն պահպանվում է այդ մակարդակից բարձր առնվազն հինգ օր անընդմեջ։ Սա ոչ թե վիճակագրական միջին է, այլ չափիչ գործիքներով արձանագրված կոնկրետ փաստ։ Հենց այդ պատճառով էլ օդերևութաբանական գարնան սկիզբը տարեցտարի «լողում» է՝ երբեմն բավական զգալիորեն։
 
Օրինակ՝ 2015 թվականին Մոսկվայում այն սկսվել էր արդեն փետրվարի 20-ին՝ գրեթե մեկ ամիս շուտ կլիմայական նորմայից։ Այդպիսի գարունը կարելի է արդարացիորեն անվանել վաղ։ Բայց լինում է նաև հակառակը․ երկարատև արկտիկական ներխուժումները կարող են իրական ջերմության գալուստը հետաձգել մի քանի շաբաթով, և այդ դեպքում խոսում ենք ուշ գարնան մասին։ Որպես ուշ գարուն 1972 թվականին Արարատյան դաշտում օդերևութաբանական գարունը սկսվել է մարտի 28-ին, իսկ որպես վաղ գարուն՝ 1966 թվականին փետրվարի 12-ին
 
Օդերևութաբանական գարունը, թերևս, ամենաազնիվ սահմանումն է, քանի որ նկարագրում է այն, ինչ տեղի է ունենում այստեղ և հիմա։ Սակայն երկարաժամկետ պլանավորման և ընդհանուր պատկերը հասկանալու համար կլիմայական գարունը մնում է ավելի հուսալի կողմնորոշիչ։
 
Աստղագիտական գարուն․ երբ Երկիրն է «որոշում» ամեն ինչ
 
Գոյություն ունի ևս մեկ գարուն, և այն սահմանվում է ոչ թե օդերևութաբանների կամ կլիմայագետների, այլ Արեգակի նկատմամբ Երկրի դիրքով։ Աստղագիտական գարունը սկսվում է գարնանային գիշերահավասարի օրը, որը սովորաբար ընկնում է մարտի 20-ին։ Այդ պահին մեր մոլորակը գտնվում է իր ուղեծրի այն դիրքում, երբ արևային ճառագայթները երկու կիսագնդերին ընկնում են հավասար անկյան տակ, և ցերեկը հավասարվում է գիշերին՝ հասարակածից մինչև բևեռներ։ Տարվա ընթացքում նման երկու իրադարձություն կա․ երկրորդը՝ աշնանային գիշերահավասարը, տեղի է ունենում սեպտեմբերի 22-23-ին։
 
Մարտի 20-ից սկսած՝ կիսագնդերում եղանակները «փոխվում են տեղերով»․ Հյուսիսային կիսագնդում սկսվում է աստղագիտական գարունը, իսկ Հարավայինում՝ աստղագիտական աշունը։ Աստղագիտական գարունը շարունակվում է մինչև ամառային արևադարձը, որը տեղի է ունենում հունիսի 21-ին։ Ֆիզիկական տեսանկյունից տեղի է ունենում սկզբունքային կարևոր գործընթաց․ գիշերահավասարից հետո Հյուսիսային կիսագունդը սկսում է ստանալ ավելի ու ավելի շատ արևային էներգիա, ցերեկները դառնում են գիշերներից երկար, և այս գործընթացը այլևս անշրջելի է։ Ինչքան էլ ցուրտ լինի մինչև գարնանային գիշերահավասարը, դրանից հետո իրական ջերմության գալուստը պարզապես ժամանակի հարց է։ Արեգակն իրեն է վերցնում։
 
Ո՞ր գարունն է իրական
 
Այսպիսով՝ ունենք չորս սահմանում, և յուրաքանչյուրը իր տեսակետից ճիշտ է։ Սակայն եթե անհրաժեշտ է ընտրել մեկը՝ այն, որը առավել ճշգրիտ է արտացոլում բնության իրական արթնացումը կոնկրետ վայրում, ապա պետք է կողմնորոշվել կլիմայական գարնան վրա։ Վերջինիս ամսաթիվը կապված է տվյալ տարածաշրջանի կլիմայի հետ, հիմնված է տասնամյակների դիտարկումների վրա և ցույց է տալիս այն պահը, երբ միջավայրը իսկապես փոխվում է․ ձյունը հալվում է, հողը հալվում է, կյանքը վերադառնում է։
 
Ռուսաստանի տարբեր քաղաքների համար կլիմայական գարնան սկսման մոտավոր ամսաթվերը՝ հաշվարկված 1991-2020 թվականների նորմաների հիման վրա տարբերությունը տպավորիչ է․ եթե Դոնի Ռոստովում գարունը գալիս է արդեն մարտի 4-ին, ապա բևեռամերձ Տիկսիում՝ միայն հունիսի 3-ին։ Երեք ամսվա տարբերություն մեկ երկրի սահմաններում՝ լավագույն ապացույցն է, որ գարնան միասնական սկիզբ պարզապես գոյություն չունի։
 
Մեր հանրապետությունում գարնան սկիզբը նույնպես խիստ բազմազան է․ Մեղրիում՝ փետրվարի 5, Երևանում՝ փետրվարի 18, Ամասիայում՝ մարտի 28, Ծաղկահովիտում՝ մարտի 31»: