Բացել լրահոսը Փակել լրահոսը
Մանե Թանդիլյան
A A
Քաղաքականություն

Անհրաժեշտ է պատրաստ լինել մարդասիրական մարտահրավերներին.Թանդիլյան

«Ապրելու երկիր» կուսակցության նախագահ Մանե Թանդիլյանի ՖԲ գրառումը

Տարածաշրջանում ծավալվող ռազմական գործողությունները խոր մտահոգություն են առաջացնում՝ ինչպես համամարդկային ողբերգության տեսանկյունից, այնպես էլ այն հստակ կանխատեսմամբ, որ դրանց հետևանքներն անխուսափելիորեն անդրադառնալու են նաև Հայաստանի վրա։

Բարեկամ Իրանում տեղի ունեցող լարվածությունն ու պատերազմական զարգացումները, մարդկային կորուստներն ու լայնածավալ ավերածությունները փաստում են, որ տարածաշրջանը թևակոխել է նոր՝ վտանգավոր և անկայուն փուլ։ Այս իրավիճակում Հայաստանի իշխանությունների վարքագիծը չի կարող սահմանափակվել չեզոք դիտորդի դիրքորոշմամբ կամ ընդամենը քաղաքական հայտարարություններով։ Պետությունը պարտավոր է մշակել հստակ և իրատեսական սցենարներ՝ իրադարձությունների զարգացման ցանկացած տարբերակի համար։ Անհրաժեշտ է պատրաստ լինել մարդասիրական մարտահրավերներին՝ հնարավոր փախստականների ընդունման, ժամանակավոր կեցության կազմակերպման, սոցիալական և այլ աջակցության տրամադրման հարցերում։ Միաժամանակ պետք է նախապես գնահատել տնտեսական ռիսկերը և դրանց ազդեցությունը երկրի ներսում։

Տարածաշրջանային լարվածությունը կարող է հանգեցնել գնաճի, մատակարարումների խափանումների, էներգետիկ և լոգիստիկ խնդիրների, ներդրումային միջավայրի վատթարացման։ Միայն նախապատրաստված և նախաձեռնող պետությունն է կարողանում նվազեցնել արտաքին ցնցումների ազդեցությունն ու պաշտպանել սեփական քաղաքացիների անվտանգությունն ու բարեկեցությունը։ Թող մարդկային կյանքի արժեքը, խաղաղությունն ու ողջախոհությունը լինեն բոլոր կողմերի կայացրած որոշումների առանցքում։