Բացել լրահոսը Փակել լրահոսը
ՀՅԴ
A A
Քաղաքականություն

Հայ դատի Մեծ Բրիտանիայի հանձնախումբը զեկույց է ներկայացրել Արցախի հարցով խորհրդարանական հետաքննության հարթակին

Օրեր առաջ Մեծ Բրիտանիայի խորհրդարանում ձևավորված՝ Արցախի հարցով խորհրդարանական հետաքննության հարթակի երրորդ նիստի ընթացքում զեկույց է ներկայացրել Հայ դատի Մեծ Բրիտանիայի հանձնախումբը՝ մասնավորապես անդրադառնալով քննության առարկա հարցերի իրավական և պատմական հիմքերին։ Հանձնախումբը վկայակոչել է մշակութային ժառանգության պաշտպանության վերաբերյալ 1907 և 1954 թվականների Հաագայի, Ժնևի կոնվենցիաները, Միջազգային քրեական դատարանի Հռոմի կանոնադրությունը և ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 2347 բանաձևը։ Հանձնախումբն անդրադարձել է նաև Ցեղասպանության կոնվենցիայի կիրառելիության և միջազգային իրավունքի նախադեպերին, որոնք ճանաչում են՝ մշակութային ժառանգության դիտավորյալ ոչնչացումը կարող է հանդիսանալ ցեղասպանական մտադրության ապացույց։

Հայ դատի Մեծ Բրիտանիայի հանձնախմբի զեկույցը հիմնված է եղել տարբեր փուլերում իրականացված՝ Արցախի էթնիկ զտման օրինաչափությունների վրա։ Քննարկման ժամանակ Հայ դատի հանձնախումբը ներկայացրել են հանձնախմբի նախխագահ Անեթ Մոսկոֆյանը և Անդրե Վարդանյանը, որոնք հանձնաժողովի անդամների հարցերին պատասխանելուց բացի, նաև կոչ են արել

1.      Ավելացնել աջակցությունը Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված բնակչությանը։

2.      Ընդունել, որ Ադրբեջանի ռազմական հարձակումը Լեռնային Ղարաբաղի դեմ՝ դիտարկված շրջափակման և մարդասիրական իրավունքի խախտումների համատեքստում, հանգեցրել է էթնիկ զտման։

3.      Կիրառել թիրախային պատժամիջոցներ ադրբեջանական վարչակարգի այն ներկայացուցիչների նկատմամբ, ովքեր պատասխանատու են էթնիկ զտման համար։

4.      Հանրայնորեն աջակցել Լեռնային Ղարաբաղի բնակչության՝ իրենց հայրենիք վերադառնալու իրավունքին՝ համաձայն Արդարադատության միջազգային դատարանի (ICJ) միջանկյալ միջոցի, Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի (1948 թ.) 13-րդ հոդվածի, Քաղաքացիական և քաղաքական իրավունքների միջազգային դաշնագրի 12-րդ հոդվածի և ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 194 (III) բանաձևի։

5.      Հանրայնորեն աջակցել այդ վերադարձի իրականացմանը՝ բազմազգ կամ ՄԱԿ-ի խաղաղապահ ուժերի տեղակայմամբ, որպեսզի բացառվի հայ ժողովրդի նկատմամբ նոր վայրագությունների իրականացումը, ինչպես նաև տեղական բնակչությանը վերապահված ինքնակառավարման իրավունքների ապահովում։

6.      Ավելի ակտիվորեն նպաստել հայկական հոգևոր-մշակութային ժառանգության պաշտպանության՝ միջազգային կազմակերպություններում, այդ թվում՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ում։

7.      Կասեցնել Ադրբեջանի հետագա հավակնությունները Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ և հանդես գալ օկուպացված տարածքներից նրանց դուրսբերման պահանջով։

ՀՅԴ Հայ դատի կենտրոնական գրասենյակ