Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Քաղաքականություն

ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանը Ինժեներական քաղաքում հանդիպում է ունեցել ինժեներական համայնքի հետ

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը փետրվարի 26-ին այցելել է Ինժեներական քաղաք՝ Բարձր տեխնոլոգիական աքսելերատորի նորաբաց Ground Zero վենչուրային սրճարանում մասնակցելու ինժեներական համայնքի հետ հանդիպմանը, որին ներկա էին Ինժեներական քաղաքի ավելի քան 20 ռեզիդենտ ընկերությունների ներկայացուցիչներ։

Նախարար Հայրապետյանը ողջունել է ներկաներին՝ ընդգծելով, որ վենչուրային սրճարանի ներկայությունը Ինժեներական քաղաքում ունի կարևոր նշանակություն. նման հարթակները ձևավորում են բաց և վստահելի միջավայր, որտեղ ծնվում են նոր գաղափարներ, խրախուսվում են ստեղծարար մտածողությունը, մասնագիտական երկխոսությունը և փորձի փոխանակումը։ Նրա համոզմամբ՝ նման ոչ ֆորմալ, բայց բովանդակային շփումները հաճախ դառնում են նոր գործընկերությունների, համատեղ նախագծերի և ներդրումային նախաձեռնությունների սկիզբ՝ նպաստելով համայնքի համախմբմանը և երկարաժամկետ զարգացմանը։

Անդրադառնալով Կառավարության ռազմավարական առաջնահերթություններին՝ նախարար Հայրապետյանը կարևորել է Հայաստանում ինժեներական կարողությունների շարունակական զարգացումը։ Այս համատեքստում Հայրապետյանն ընդգծել է, որ Ինժեներական քաղաքի մոդելի ընդլայնումն ու տարածումը մարզերում պետական քաղաքականության առանցքային ուղղություններից են։

Ground Zero-ի հիմնադիր Կարեն Գյուլբուդաղյանը ներկայացրել է նախաձեռնության գաղափարական հիմքերը՝ շեշտելով, որ նախագիծը ոչ միայն առևտրային գործունեություն է, այլև համայնքային յուրօրինակ հարթակ և մոդել։ Նրա խոսքով՝ տարածքը նախատեսված է ծառայելու որպես նոր գաղափարների ձևավորման, մասնագիտական քննարկումների, միջոցառումների կազմակերպման և համայնքային ակտիվության խթանման կենտրոն։

Հանդիպման մասնակիցները ներկայացրել են իրենց դիտարկումները, առաջարկներն ու հարցադրումները, իսկ նախարարը կիսվել է ոլորտի զարգացման տեսլականով և Կառավարության ռազմավարական մոտեցումներով։ Քննարկվել են ոլորտի զարգացմանն առնչվող առաջնահերթություններն ու համագործակցության հնարավորությունները, ինչպես նաև

Հայաստանի ինժեներական ոլորտի համար բացվող նոր հնարավորությունները և առկա մարտահրավերները։