Օլիմպիական խաղերում ելույթ են ունեցել Հայաստանի վերջին ներկայացուցիչները
Աջակցիր «Ա1+»-ինՄիլան և Կորտինա քաղաքներում ավարտին մոտեցող ձմեռային 25-րդ Օլիմպիական խաղերում ելույթ են ունեցել Հայաստանի վերջին ներկայացուցիչները:
Այդ մասին հայտնում են ԿԳՄՍ նախարարությունից։
Գեղասահքի սպորտային զույգերի պայքարում Հայաստանը ներկայացնող Կարինա Ակոովան և Նիկիտա Ռախմանինն ազատ ծրագրում վաստակել են 114.39 միավոր։ Կարճ ծրագրից հետո նրանք ունեին 66.27 միավոր և երկու վարժությունների հանրագումարում միավորների թիվը հասցնելով 180.66-ի՝ զբաղեցրել են 14-րդ հորիզոնականը:
Մրցելույթներն ավարտել է նաև լեռնադահուկորդ Հարություն Հարությունյանը: Ոլորավայրէջք մրցաձևի առաջին մրցահերթում նա ցույց է տվել 1:10.12 ժամանակ և ընթացել է 37-րդ հորիզոնականում, սակայն երկրորդ փորձի ժամանակ թույլ տված խախտման պատճառով որակազրկվել և դուրս է մնացել հետագա պայքարից։ Ավելի վաղ Հարությունյանը հանդես էր եկել հսկա ոլորավայրէջք մրցաձևում, որտեղ ցույց էր տվել 1:21.67 րոպե արդյունք և 81 մասնակիցների շարքում գրավել 59-րդ տեղը:
Ձմեռային Օլիմպիական խաղերում Հայաստանն ուներ 5 ներկայացուցիչ: ՀՀ մարզական պատիվը պաշտպանել են նաև դահուկորդներ Միքայել Միքայելյանն ու Կատյա Գալստյանը:
Միքայել Միքայելյանը 10 կմ ինտերվալ (ազատ ոճ) մրցաոճում 23:06.4 րոպե արդյունքով զբաղեցրել է 53-րդ տեղը, իսկ 20 կմ սկիաթլոն (դասական/ազատ ոճ) մրցաձևում 73 մասնակիցների թվում գրավել է 48-րդ տեղը՝ 51 րոպե 06 վայրկյան արդյունքով:
Դահուկավազքի կանանց 10 կմ ինտերվալ (ազատ ոճ) մրցաձևում Հայաստանի օլիմպիական հավաքականի անդամ Կատյա Գալստյանը 28 րոպե 33 վայրկյան արդյունքով 111 մասնակիցների շարքում զբաղեցրել է 82-րդը տեղը: Գալստյանը հանդես է եկել նաև դահուկավազքի 20 կմ սկիաթլոն (դասական/ազատ ոճ) մրցաձևում, որտեղ, սակայն, առաջին 10 կմ դասական ոճն անցնելուց հետո չի հատել եզրագիծը։
Հիշեցնենք՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը ձմեռային օլիմպիական խաղերի մեկնարկին ընդառաջ հանդիպել էր մարզիկներին Աշոցքի դահուկային կենտրոնում, ապա՝ «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ «Ուսումնա-սպորտային համալիրում»:
Ձմեռային 25-րդ Օլիմպիական խաղերում խաղարկվում է մեդալների 116 հավաքածու: Մրցումներն անցկացվում են 16 մարզաձևերում: