Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Ուզում եք թռնեք օդ, իջնեք ներքև, մեկ է էս կառավարությունն է բերել ձեզ և ձեր երեխաներին խաղաղություն (տեսանյութ)

 «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Լիլիթ Մինասյանը  խորհրդարանում քննադատեց ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի Հայաստան այցի շուրջ ընդդիմադիր գործիչների հնչեցրած մեկնաբանությունները։

Մինասյանի խոսքով՝ «երեկվա օրը բարի չէր որոշ ընդդիմադիր գործիչների համար», որոնց մտածելակերպը, նրա բնորոշմամբ, «շրջափակված է ծայրագավառական տրամաբանության մեջ»։

Պատգամավորը հայտարարեց, որ Վենսի այցի հետ կապված ստեղծվել էր մի յուրօրինակ «մրցույթ»՝ ով ավելի «հիմար» հայտարարություն կանի։ Նա մեջբերեց մի շարք հրապարակային գնահատականներ՝ նշելով, որ որոշ ընդդիմադիրներ պնդում են, թե խաղաղություն հաստատված չէ, և այցը պարզապես հետաձգում է հնարավոր ռազմական գործողությունները, մյուսները խոսում են «ԹՐԻՓ-ի»՝ Թել Ավիվում գրված լինելու մասին.

«Հաջորդ, ավելի կարկառուն ներկայացուցիչներից մեկն ասում է՝ գուցե ա՞յլ բանի համար են 5 միլիարդ փող տալու, օրինակ՝ Սյունիքի»:

Մինասյանը հիշատակեց նաև այն հայտարարությունները, որոնցում խոսվում է պանթյուրքիստական ծրագրի, միջանցքային տրամաբանության և նույնիսկ ԱՄՆ փոխնախագահի՝ Էջմիածին չայցելելու շուրջ ենթադրությունների մասին։

«Ավելին՝ այնքան են առաջ գնացել, Մայր Աթոռին հարցում են ուղարկել՝ արդյո՞ք ԱՄՆ փոխնախագահը այցելել է Կտրիճ Ներսիսյանին, թե՞ ոչ։ Մայր Աթոռն էլ պատասխանել է՝ չգիտենք՝ արդյո՞ք ՀՀ իշխանությունները որևէ կերպ ներազդել են, թե ոչ»:

«Ուզում եմ մի փոքր ապաշրջափակենք այս ծայրագավառական մտածողությունը»,- հայտարարեց Մինասյանը՝ մի շարք հռետորական հարցեր ուղղելով ընդդիմախոսներին։ «Արհեստական բանականության ոլորտում ներդրումները, բարձր տեխնոլոգիաներում համագործակցությունը, «Էնվիդիայի» չիպերի արտահանումը, ՀՀ ապաշրջափակումը ձեր երկրի համար չի՞ արվում, ձեր համար դա դրական չի՞: Էներգետիկ գործընկերությունը, ռազմական պաշտպանության և սպառազինության մատակարարումը ձեր երկրի համար չի՞։ Իսկ կարո՞ղ է Հայաստանը ձեր երկիրը չի»,- ասաց նա։

Պատգամավորն իր խոսքն ավարտեց այն համոզմունքով, որ անկախ քննադատություններից՝ այս կառավարությունն է երկիրը բերել խաղաղության. «Ուզում եք թռնեք օդ, իջնեք ներքև, մեկ է էս կառավարությունն է բերել ձեզ և ձեր երեխաներին խաղաղություն»: