Պատգամավորներին գունավոր մետաղները չե՞ն հետաքրքրում
«Թանկարժեք մետաղների մասին» օրենքում փոփոխություն է կատարվելու՝ Կառավարության որոշմամբ: Նախագիծն այսօր ԱԺ գրեթե դատարկ դահլիճում ներկայացրեց Ֆինանսների փոխնախարար Վարդան Արամյանը:
«Մենք ցանկանում ենք բացառել անհարկի միջամտությունները, բիզնես միջավայրի բարելավման տեսանկյունից: Եթե կառավարությունը եւ ստուգող մարմիններն ունեն այլ գործիքներ, շուկայում կարգ ու կանոն հաստատելու համար, բնավ նպատակահարմար չէ տնտեսվարողների հետ անհարկի խնդիրներ առաջացնել»,- օրենքի փոփոխության պատճառները բացատրեց պարոն Արամյանը:
Համաձայն գործող օրենքի՝ ՀՀ թանկարժեք մետաղներ կամ դրանցից պատրաստված իրեր ներկրողներից պահանջվում է պարտադիր հատկորոշում եւ հարկադրոշում: «Դա խոչընդոտում է նրանց գործունեությունը եւ նրանց պարտադրում է մաքսային կետերն անցնելու ժամանակ ապահովել հարկադրոշումը: Նպատակահարմար չէ ներմուծման ժամանակ այդ կոշտությունը կիրառել, եթե վերջնական օղակում մենք ունենք հատկորոշման նկատմամբ հսկողություն սահմանելու համար գործիք »,- նշեց փոխնախարարը:
Ըստ Վարդան Արամյանի, առաջարկված փոփոխությունը դաշտը բացում է նաեւ մանրածախ առեւտրով զբաղվողների համար եւ նրանց ազատում ավելորդ վարչական բեռից։
«Մենք օրենքի 9-րդ հոդվածում փոփոխություն ենք անում: Բոլոր այն իրերը, որոնք այլ երկրներում արդեն հարկորոշված են եւ կա համապատասխան հարկադրոշմ, չեն հարկադրոշվի ներմուծման ժամանակ: Եթե տվյալ ապրանքատեսակները ներմուծվելիս ունեն համապատասխան ապրանքանիշեր, ապա ՀՀ-ի կողմից որեւէ հավաստող փաստաթղթի անհրաժեշտություն չկա»,-ասաց նա։
Ֆինանսների փոխնախարարը գրեթե դատարկ դահլիճին առաջարկեց փոփոխությունն ընդունել առաջին ընթերցմամբ: Նրան հարցեր տալու համար հերթագրվողներ այդպես էլ չեղան: Դահլիճում ներկա չէր նաեւ հարակից զեկուցողը՝ ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանը: Նրա փոխարեն հանձնաժողովի անդամ Արա Նռանյանը հայտնեց, որ իրենց հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել կառավարության ներկայացրած՝ «Թանկարժեք մետաղների մասին» օրենքում նախատեսված փոփոխությունների նախագծին: