Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Նիկոլ Փաշինյանը և Անահիտ Ավանեսյանը քննարկել են առողջապահական ապահովագրության ներդրման ընթացքը (տեսանյութ)

Ամեն ինչ չի ընդգրկվելու առողջապահական ապահովագրության փաթեթում․ այս մասին առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի հետ ուղիղ եթերում կայացած քննարկման ընթացքում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Պետք է շատ հստակ ձևակերպենք, որպեսզի սխալ ընկալումներ չլինեն։ Ամեն ինչ չի ներառվելու ապահովագրության շրջանակում։ Կան հազվադեպ հիվանդություններ և որոշ դեպքեր, որոնք փաթեթում չեն լինելու։ Կարևոր է, որ մարդիկ չմտածեն, թե խոստացված “համապարփակ” հասկացությունը նշանակում է բացարձակ ընդգրկում»,– նշեց Փաշինյանը։

Նախարար Անահիտ Ավանեսյանը, իր հերթին, ընդգծեց, որ ապահովագրական համակարգում ներառված ծառայությունների համար նախատեսվելու են հստակ փոխհատուցման շեմեր։
«Խոսքը հազարավոր ծառայությունների մասին է՝ պոլիկլինիկական, ամբուլատոր, ինչպես նաև խրոնիկ հիվանդությունների բուժման համար անհրաժեշտ դեղերի փոխհատուցման։ Սա կարևոր է, որպեսզի կարողանանք վերահսկել հիվանդների ընթացիկ վիճակը և կանխել ծանրացումները։ Ներառվելու են նաև հիվանդանոցային և շտապօգնության ծառայությունները։ Քաղաքացիները կարող են տեսնել՝ որ ծառայություններն են փոխհատուցվում և ինչ չափով։ Օրինակ՝ քիմիոթերապևտիկ դեղերի փոխհատուցման առավելագույն շեմը տարեկան 1 մլն 200 հազար դրամ է»,– պարզաբանեց նա։

Վարչապետ Փաշինյանի խոսքով՝ համակարգում նախատեսվում է նաև համավճարի սկզբունք․ որոշ ծառայությունների և դեղերի արժեքի մի մասը կվճարի ապահովագրական հիմնադրամը, իսկ մնացածը՝ քաղաքացին։

Նշենք, որ առողջապահության պարտադիր ապահովագրության օրենսդրական նախագիծը դեռևս ընդունված չէ և առաջիկայում քննարկվելու է Ազգային ժողովում։