Ծաղկահովիտ-Ապարան ճանապարհին վթարի հետևանքով կան զոհեր
Աջակցիր «Ա1+»-ինՆոյեմբերի 4-ին, ժամը 17։38-ին Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Ռյա-Թազա գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ Ծաղկահովիտ-Ապարան ավտոճանապարհի 16-րդ կմ-ին բախվել են «Mercedes-Benz», «GAZ» մակնիշների ավտոմեքենաները և «Volvo» մակնիշի բեռնատարը․ «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենայի վարորդը տեղում մահացել է։
Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ «GAZ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը և չորս ուղևոր հոսպիտալացվել են բժշկական կենտրոն։ Հոսպիտալացման ճանապարհին ուղևորներից մեկը մահացել է։
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազի բալոնների փականները, «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենայի վարորդի դին դուրս բերել արգելափակումից և մոտեցրել շտապօգնությանը։