Այն, ինչ կատարվում է Եկեղեցում, ի ցույց է դնում խնդիրները, որ վաղուց կային. Ալեն Սիմոնյան (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինԱԺ նախագահը՝ Հովհաննավանքի պատարագի, Տեր Արամի և իշխանության միջամտության մեղադրանքների մասին
Խորհրդարանում լրագրողները հարց ուղղեցին ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանին՝ արդյոք իշխանությունը վտանգ է տեսել Մասիսի համայնքի ղեկավար Դավիթ Համբարձումյանի մեջ, որը դատապարտվել է 6 տարի 3 ամիս ժամկետով ազատազրկման։
«Լինեմ անկեղծ՝ ոչ։ Վեց ամիս հետո ընտրություններ են, էլ չեմ ասում՝ ՀՀԿ-ն խորհրդարան մտավ զոռով, փող կիրառելով»,- պատասխանեց Սիմոնյանը՝ անդրադառնալով Համբարձումյանի շուրջ հնարավոր կոնսոլիդացիային։
Վարչապետին անվստահություն հայտնելու գործընթացի մասին Սիմոնյանը նշեց, որ ընդդիմությունը նույնիսկ ստորագրություններ չի կարողանում հավաքել։
Լրագրողների հարցին՝ արդյոք ՔՊ-ականները կամ ինքը կմասնակցեն կիրակի օրը Հովհաննավանքում մատուցվելիք պատարագին, Սիմոնյանը պատասխանեց, որ չի նախատեսում գնալ։
«Ես նման պլաններ չունեմ։ Վարչապետը հայտարարել է, որ մասնակցելու է։ Միշտ չէ, որ որտեղ վարչապետը գնում է, ես էլ եմ գնում»,– ասաց նա։
Ճշտող հարցին՝ դա նշանակում է չաջակցել վարչապետին, ԱԺ նախագահը պատասխանեց․
«Չէ, իհարկե։ Աջակցել-չաջակցելու բան չկա։ Ով որտեղ է արտահայտում իր հավատքը, դա ոչ ոքի չի վերաբերում։ Հավատքը, քրիստոնեությունը ոչ մեկի մենաշնորհը չեն։ Ես որտեղ կուզեմ, կաղոթեմ»։
Սիմոնյանը նաև արձագանքեց Հովհաննավանքում լրագրողների հանդեպ հնչած վիրավորանքներին՝ դրանք որակելով անընդունելի։
«Ով վիրավորել է, շատ վատ բան է արել։ Ես որևէ կողմի չեմ։ Պրոցես է, որին հետևում եմ որպես քաղաքացի, որպես հավատացյալ։ Այն, ինչ կատարվում է Եկեղեցում, ի ցույց է դնում այն խնդիրները, որոնք վաղուց կային»,– նշեց նա։
Ավելի վաղ Տեր Արամ քահանա Ասատրյանը կարգալույծ էր հռչակվել, սակայն հայտարարել է, որ կիրակի օրը Սուրբ Հովհաննավանքում կկատարի Սուրբ Պատարագ, որին պատրաստվում է մասնակցել վարչապետ Նիկոլ Փաշինյանը։