Վրացիները կվաճառե՞ն հայ-ռուսական գազատարը
Վրաստանի խորհրդարանի օրակարգ է մտցվել օրինագիծ, որը թույլ կտա միջազգային վաճառքի հանել այնպիսի ռազմավարական նշանակություն ունեցող օբյեկտներ, ինչպիսին է Ռուսաստանից Հայաստան գազ մատակարարող խողովակը, երկաթուղին եւ էներգահամակարգը:
Ինչպես հայտնում է վրացական «Փիրվելի» գործակալությունը, խորհրդարանի մեծամասնությունը ներկայացնող քաղաքական ուժի` «Ազգային միացյալ շարժում» խմբակցության պատգամավորներ Զվիադ Կուկավայի եւ Միխաիլ Ցկիտիշվիլու առաջարկած օրինագծի քննարկումները խորհրդարանական հանձնաժողովների մակարդակով կսկսվի մոտ ապագայում:
Հիշեցնենք, որ ամիսներ առաջ նման օրինագծի ընդունման հավանականության մասին տեղեկատվության ի հայտ գալուն պես Ադրբեջանի պետական նավթա-գազային կազմակերպությունը պատրաստակամություն էր հայտնել մասնակցել Ռուսաստան-Հայաստան գազատարի ձեռքբերման մրցույթին: