Աշխատանքային պայմանագրերը 2026-ից կկնքվեն միայն էլեկտրոնային տարբերակով
Աջակցիր «Ա1+»-ին2026 թվականի հունվարի 1-ից Հայաստանում աշխատանքային պայմանագրերը պարտադիր կերպով կնքվելու են միայն էլեկտրոնային տարբերակով։ Այդ մասին հայտարարել է աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատանքի և զբաղվածության վարչության ղեկավար Ժորա ՍարգսյանըԼ
Նա նշել է, որ արդեն իսկ հարթակում գործարկվել է անհրաժեշտ գործիքակազմը, և արդեն առկա են թվային եղանակով կնքված առաջին պայմանագրերը, հայտնում է Արմենպրեսը։
«Մինչև տարեվերջ ունենք ժամանակ և այս ընթացքում գործատուները կարող են կամավորության սկզբունքով օգտվել հարթակից, նոր պայմանագրերը կնքել էլեկտրոնային տարբերակով։ Այս ընթացքում գործարկված համակարգի հնարավորությունները կստուգվեն, կհասկանանք հնարավոր խնդիրները։ Արդեն հունվարի 1-ից գործընթացը կլինի պարտադիր բոլոր գործատուների համար»,-ասել է Ժորա Սարգսյանը։
Հարթակում առկա է աշխատանքային պայմանագրի կաղապար՝ պարտադիր լրացվող դաշտերով, որոնք գործատուն պետք է լրացնի համապատասխան տվյալներով։ Դաշտերի լրացումից հետո պայմանագիրը պետք է ստորագրվի էլեկտրոնային եղանակով։ Աշխատողն իր հերթին self-portal հարթակի միջոցով ծանուցում կստանա պայմանագրի պատրաստման մասին և, ծանոթանալով դրան, էլեկտրոնային ստորագրությամբ կարող է հաստատել։
«Այս ընթացքում գործատուներից ամենաշատ բարձրացվող հարցը եղել է էլեկտրոնային ստորագրության հարցը, մասնավորապես, այն, որ ոչ բոլորն ունեն։ Ասեմ, որ դա ընդամենը մեկ անգամյա գործողություն է։ Այսինքն, եթե քաղաքացին մեկ անգամ ստացավ այս ստորագրությունը, ապա հաջորդիվ այլևս անելու բան չունի։ Դրանից բացի, եկամուտների հայատարարագրման գործընթացով պայմանավորված, բազմաթիվ քաղաքացիներ արդեն ձեռք են բերել էլեկտրոնային ստորագրություն»,-ասել է Ժորա Սարգսյանը։
Ինչ վերաբերում է ավելի վաղ կնքված աշխատանքային պայմանագրերին, ապա նախարարությունում առաջարկվել է լուծում. 2026 թվականի հունվարի 1-ից մինչև դեկտեմբերի 31-ը գործատուները ժամանակ կունենան այդ պայմանագրերը ևս ներմուծելու էլեկտրոնային հարթակ։ Դա վերաբերում է այն աշխատակիցներին, որոնք այդ պահին դեռ աշխատում են տվյալ գործատուի մոտ։ Իսկ այն պայմանագրերը, որոնք արդեն դադարեցվել են, համակարգում մուտքագրելու անհրաժեշտություն չի լինի։
Այդ պայմանագրերը կներառվեն հարթակում տվյալ օրվա ամսաթվով, աշխատողը կստորագրի իր էլեկտրոնային ստորագրությամբ, սակայն պայմանագրում նշված կլինի նրա աշխատանքի սկսման իրական տարեթիվը՝ օրինակ՝ 2001 թվականը։
Նախատեսվող փոփոխությունները թույլ կտան էականորեն նվազեցնել փաստաթղթաշրջանառության ծավալը, գործատուների գործողությունները դարձնել ավելի պարզեցված, իսկ պայմանագրերը՝ համապատասխան օրենսդրական պահանջներին։ Աշխատողները ևս կկարողանան մեկ հարթակում տեսնել իրենց պայմանագրերը՝ խուսափելով տարբեր իրավական խնդիրներից։