Մեկնարկել է Հայոց ցեղասպանության նահատակ Երանելի Իգնատիոս Մալոյանի և 6 այլ երանելիների սրբադասման արարողությունը․ ՈՒՂԻՂ (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինՎատիկանի Սուրբ Պետրոս հրապարակում մեկնարկել է Երանելի Իգնատիոս արքեպիսկոպոս Մալոյանի և 6 այլ երանելիների սրբադասման արարողությունը՝ Լևոն 14-րդ պապի գլխավորությամբ։ Արարողությանը մասնակցելու համար Սուրբ Աթոռ է ժամանել նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Ինչպես հայտնում է Vatican News-ը, Հայոց ցեղասպանության ժամանակ նահատակված հայ կաթոլիկ արքեպիսկոպոս Իգնատիոս Մալոյանի սրբադասման որոշումը, իր մահվանից շաբաթներ առաջ, հաստատել էր Հռոմի Ֆրանցիսկոս Պապը։ Աարարողության օրը որոշվել է Լևոն 14-րդ պապի գլխավորությամբ հրավիրված կարդինալական ժողովի ընթացքում, որը կայացել է հունիսի 13-ին։
Միսիոներական համաշխարհային օրվա առիթով՝ հոկտեմբերի 19-ին, Մալոյանի հետ միասին սրբերի շարքին են դասվելու ևս վեց երանելիներ՝
-
Պապուա Նոր Գվինեայից աշխարհական կրոնուսույց Փիթեր Տո Ռոթը,
-
Վերոնայի Ողորմության Քույրերի հաստատության հիմնադիր Վինչենցա Մարիա Պոլոնին,
-
Հիսուսի Աղախինների Միաբանության հիմնադիր Մարիա դել Մոնդե Կարմելո Ռենդիլես Մարտինեսը,
-
Քրիստոնյաների Օգնական Մարիամի դուստրեր միաբանության անդամ Մարիա Տրոնքաթին,
-
վենեսուելացի բժիշկ Խոսե Գրեգորիո Էրնանդես Չիսներոսը, ով անվճար բուժել է աղքատներին,
-
և Պոմպեյի Վարդարանի Տիրամոր սրբավայրի հիմնադիր Բարթոլո Լոնկոն։
Երանելի Իգնատիոս Մալոյանը ծնվել է 1869 թվականի ապրիլի 19-ին՝ Թուրքիայի ներկայիս Մարդին քաղաքում։ 14 տարեկանում նա մտել է Լիբանանի Զմմառի վանքի կղերական միաբանություն և 1896 թվականին ձեռնադրվել է քահանա՝ ստանալով Իգնատիոս անունը։
Նա իր քարոզներով փայլել է թե՛ արաբերեն, թե՛ թուրքերեն լեզուներով, ծառայել է Ալեքսանդրիայում և Կահիրեում։ 1911 թվականին նշանակվել է Մարդինի Պատրիարքական փոխանորդ։
Հայոց ցեղասպանության տարիներին նա ձերբակալվել է տասնյակ քրիստոնյաների հետ միասին։ Երբ առաջարկել են փրկել կյանքը՝ իսլամ ընդունելու պայմանով, Մալոյանը հայտարարել է․
«Մենք երբեք անհավատարիմ չենք եղել պետությանը, բայց եթե մեզ խնդրում եք դավաճանել մեր հավատին, դա երբեք չի լինի»։
Կարճ ժամանակ անց նրան խոշտանգել են և մահապատժի ենթարկել։