Սեռական նպատակներով երեխային գայթակղելն առաջարկում ենք քրեականացնել․ Լանզարոտեի կոմիտե
Աջակցիր «Ա1+»-ինԵրեխաների նկատմամբ սեռական բռնության դեպքերի մեծ մասը կատարվում է երեխային ծանոթ և վստահելի անձանց կողմից:
«Սեռական շահագործումից և սեռական բռնությունից երեխաներին պաշտպանելու մասին» Եվրոպայի խորհրդի կոնվենցիայի կողմերի կոմիտեն (Լանզարոտեի կոմիտեն) գնահատել է կոնվենցիայի՝ 48 մասնակից պետություններում երեխաների պաշտպանությունն «վստահության շրջանակում»:
«Վստահության շրջանակը» ներառում է ընդլայնված ընտանիքի անդամներին, երեխայի խնամքի կամ վերահսկողության գործառույթներ իրականացնող անձանց, ինչպես նաև այն անձանց, որոնց հետ երեխան շփվում է վստահելի միջավայրում, այդ թվում՝ մտերիմ հասակակիցներին։
Հրապարակված զեկույցում Լանզարոտեի կոմիտեն արձանագրել է առաջին մոնիթորինգի փուլից ի վեր Կոնվենցիայի Կողմերի կողմից գրանցված զգալի առաջընթացը, բայց դեռևս առկա են զգալի բացթողումներ, մասնավորապես՝ 18 տարեկանից ցածր տարիքի երեխաների նկատմամբ սեռական բռնության քրեականացման հարցում՝ ընտանեկան սեռական բռնության համատեքստում, ինչպես նաև հարկադրանքի, սպառնալիքի կամ ուժի կիրառման բացակայության պայմաններում։
Կողմերին կոչ է արվում նաև բարելավել տուժողների և նրանց մտերիմների իրավական և հոգեբանական աջակցությունը, ինչպես նաև հանցանք կատարած անձանց նկատմամբ վերահսկողությունը և մոնիթորինգը։
Լանզարոտեի կոմիտեն պահանջում Կողմերից ապահովել, որ իրենց ներպետական քրեական օրենսդրության դրույթների համաձայն քրեականացվեն բոլոր, այդ թվում՝ օրենքով սահմանված՝ սեռական հարաբերություններ ունենալու համար տարիքից բարձր տարիքի երեխաների հետ սեքսուալ բնույթի գործողությունները վստահության, իշխանության կամ ազդեցության ճանաչված դիրքում գտնվող անձի կողմից:
Այդ դրույթները պետք է ձևակերպվեն բավականաչափ լայնորեն՝ բոլոր համապատասխան իրավիճակները ներառելու համար:
Հանձնարականների միայն մի մասն է վերաբերում Հայաստանին, մասնավորապես՝
Լանզարոտեի կոմիտեն կոչ է անում Հայաստանին, Ուկրաինային և ցանկացած այլ Կողմի, որոնք աջակցություն են ցուցաբերում տուժող երեխաներին ընտանեկան բռնության կամ մարդկանց թրաֆիքինգի տուժողների համար նախատեսված միջամտությունների համատեքստում, այդ շրջանակներում հստակ հղում կատարել սեռական շահագործման կամ սեքսուալ բնույթի բռնության տուժող երեխաներին։
Լանզարոտեի կոմիտեն առաջարկում է ձեռնարկել անհրաժեշտ օրենսդրական կամ այլ միջոցներ՝ ապահովելու, որ սեռական նպատակներով երեխային գայթակղելը (grooming-ը) քրեականացվի, նույնիսկ այն դեպքում, երբ չկա հանդիպման առաջարկ, որին հաջորդում են նման հանդիպմանը հանգեցնող կոնկրետ գործողություններ՝ համաձայն Լանզարոտեի կոմիտեի 23-րդ հոդվածի վերաբերյալ կարծիքին։
Լանզարոտեի կոմիտեն առաջարկում է ապահովել, որ տուժող երեխային ընտանեկան միջավայրից հեռացնելու հարցը դիտարկվի միայն այն դեպքում, եթե ենթադրյալ հանցագործին նույն միջավայրից հեռացնելը, այլ միջոցների հետ համատեղ, բավարար չէ երեխային պաշտպանելու համար կամ անհնար է տվյալ գործի հատուկ հանգամանքներում, և որ դա արվի երեխայի լավագույն շահերից ելնելով։
Հայաստանից եւս Լանզարոտեի կոմիտեն պահանջում է՝ ձեռնարկել անհրաժեշտ օրենսդրական կամ այլ միջոցներ՝ կանխելու ցանկացած տեղեկատվության հրապարակային տարածումը, այդ թվում՝ լրատվամիջոցների կողմից, որը կարող է հանգեցնել սեռական շահագործման կամ սեքսուալ բնույթի բռնության ենթարկված ցանկացած երեխայի նույնականացմանը։
Մանրամասներն՝ այստեղ