Բացել լրահոսը Փակել լրահոսը
de49b95f-129b-4005-84d4-08ddfa9117a6_w1597_n_r1_s_s
A A
Քաղաքականություն

Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ Սրբազանը կալանավորվեց

Դատարանը բավարարել է քննիչի միջնորդությունը և երկու ամսով կալանավորել Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանին։ Տնային կալանքի կամ գրավի վերաբերյալ փաստաբանների միջնորդությունը մերժվել է։

Սրբազանին մեղսագրվում է ընտրական իրավունքին խոչընդոտելը և հավաքներին մասնակցելուն հարկադրելը՝ իշխանական լիազորությունները օգտագործելով։ Փաստաբան Արա Զոհրաբյանը մեղադրանքները որակում է անհիմն՝ նշելով, որ սա «հակաեկեղեցական արշավի» շարունակությունն է․ «Սրբազանին պարզապես պատժում են, իսկ հիմնական նպատակը Մայր Աթոռն է»,– ասել է նա։

Արագածոտնի թեմում երեկ իրականացվել էին խուզարկություններ, ձերբակալվել էին նաև տեր Գարեգինն ու թեմի գլխավոր հաշվապահը։ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը տեղի ունեցածը որակել է ապօրինի քրեական հետապնդում և իշխանությունների հակաեկեղեցական քաղաքականության դրսևորում։