Համաճարակաբանների օգնությունը գործարարներին
Համաշխարհային տնտեսական ֆորումի հաշվարկներով՝ Հայաստանը 6 նիշով բարելավել է իր դիրքը, աշխարհի 142 երկրների շարքում զբաղեցնելով 92-րդ տեղը: Այս տեղեկությունն այսօր լրագրողներին հայտնեց «Տնտեսություն եւ արժեքներ» հետազոտական կենտրոնի ղեկավար Մանուկ Հերգնյանը:
Նրա խոսքերով` ընդհանուր առմամբ, ըստ առանձին ցուցիչների՝ նախորդ տարվա համեմատությամբ Հայաստանն արձանագրել է դրական տեղաշարժ: «Տնտեսություն եւ արժեքներ» հետազոտական կենտրոնի ղեկավարի կարծիքով՝ Հայաստանի մրցակցային առավելությունների ցանկը մշտապես գլխավորում է մալարիայի դեմ արդյունավետ պայքարը, ինչպես նաեւ հանցագործությունների եւ ահաբեկչության ցածր մակարդակը:
Նրա խոսքերով՝ թերություններ նույնպես կան եւ դրանց պատճառները նույնպես անփոփոխ են մնացել: «Այստեղ ցանկը գլխավորում են այն գործոնները, որոնք կապված են մրցակցային դաշտի հետ, մասնավորապես՝ հակամենաշնորհային քաղաքականության, մրցակցության ինտենսիվության, շուկայում գերիշխող խմբերի առկայության, ինչպես նաեւ մաքսային գործընթացների բեռի մասով»,- ասաց Մանուկ Հերգնյանը:
Ներկայացնելով Համաշխարհային տնտեսական ֆորումի զեկույցի արդյունքները, Հերգնյանը նշեց, որ հարեւան Ադրբեջանը մրցունակության վարկանիշով 55-րդ տեղում է, Վրաստանը` 88, իսկ Ռուսաստանը՝ 66-րդ: Ինչ վերաբերվում է առաջատար երկրներին, Շվեյցարիան շարունակում է պահպանել առաջատար դիրքը: Առաջին հնգյակում են Սինգապուրը, Շվեդիան, Ֆինլանդիան եւ ԱՄՆ: