«Նոայի» երկրորդ փորձաքննությունը ՈՒԵՖԱ-ի Կոնֆերենցիաների լիգայում
Աջակցիր «Ա1+»-ին«Նոայի» առաջին մրցակիցը Խորվաթիայի գործող չեմպիոնն է:
Հայաստանի ֆուտբոլի չեմպիոն «Նոան» այսօր առաջին հանդիպումը կանցկացնի ՈՒԵՖԱ-ի Կոնֆերենցիաների լիգայի հիմնական փուլում: Մեր թիմը սեփական դաշտում կընդունի Խորվաթիայի այս տարվա չեմպիոն և գավաթակիր «Ռիյեկային»:
Երեկ կայացած նախախաղային մամուլի ասուլիսին «Ռիյեկայի» գլխավոր մարզիչ Վիկտոր Սանչեսն ասել է, որ իրենց բարդ հանդիպում է սպասվում Երևանում:
«Նոան» որակապես լավ թիմ է: Մեզ դժվար խաղ է սպասվում:Մենք բավական գերմոտիվացված ենք, քանի որ մեկնարկում ենք նոր մրցաշարում: Կփորձենք հաղթանակով սկսել Կենֆերենցիաների լիգայի հիմնական փուլը», - ասել է իսպանացի մասնագետը:
«Նոայի» գլխավոր մարզիչ Սանդրո Պերկովիչը նշել է, որ իր ֆուտբոլիստներից խիզախ խաղ է ակնկալում առաջին խաղում:
«Եթե ուզում ենք հաղթել «Ռիյեկային», ապա պետք է ցույց տանք մեր առավելագույնը խաղադաշտում: Շատ կարևոր է, որ առաջիկա խաղին մասնակցող բոլոր ֆուտբոլիստները խիզախ լինեն: Այս մոտեցմամբ միայն մենք կարող ենք դրական արդյունքի հասնել»,- նախախաղային մամուլի ասուլիսին ասել է խորվաթ մասնագետը:
Հավելենք, որ «Նոան» երկրորդ անգամ է մասնակցում ՈՒԵՖԱ-ի Կոնֆերենցիաների լիգայի հիմնական փուլին: Անցած տարի թիմն այդ իրավունքը նվաճել էր որակավորման փուլի բոլոր չորս արգելքները հաղթահարելու արդյունքում: Ընթացիկ մրցաշրջանում «Նոան» նախ պայքարը սկսել է չեմպիոնների լիգայի մրցաշարում: Որակավորման 2-րդ փուլում մեր թիմը պարտվելով հունգարական «Ֆերենցվարոշին», տեղափոխվել է Եվրոպայի լիգայի որակավորման 3-րդ փուլ, որտեղ 11մ հարվածներով անսպասելի պարտվել էր Ջիբրալթարի չեմպիոն «Լինկոլնին»: Սակայն, ՈՒԵՖԱ-ի Կոնֆերենցիաների լիգայի փլեյ-օֆֆում «Նոան» վստահ հաղթել է Սլովենիայի չեմպիոն «Օլիմպիային» և երկրորդ տարին անընդմեջ մտել լիգայի հիմնական փուլ:
Նշենք, որ «Ռիյեկայից» բացի այս մրցաշարում «Նոա» մրցակիցները կլինեն նաև ռումինական «Ունիվերսիտատեա Կրայովան», չեխական «Օլոմոուցը», շոտլանդական «Աբերդինը», լեհական «Լեգիան» և Ուկրաինայի գործող չեմպիոն Կիևի «Դինամոն»:
ՈՒԵՖԱ-ի Կոնֆերենցիաների լիգայի հիմնական փուլի 1-ին տուրի «Նոա» - «Ռիյեկա» հանդիպումը կկայանա «Հանրապետական» մարզադաշտում և կմեկնարկի ժամը 20-45-ին: Տոմսերը վաճառվում են միայն «Նոա» ակումբի պաշտոնական կայքէջում: