Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Ղարաբաղի մեր քաղաքացիները պիտի տնավորվեն Հայաստանում (տեսանյութ)

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը անդրադարձավ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված հայերի թեմային՝ ներկայացնելով ՀՀ կառավարության ռազմավարական մոտեցումը։ 

Վարչապետը հայտարարեց, որ Լեռնային Ղարաբաղից տեղահանվածները Հայաստանի իշխանությունների և միջազգային հանրության աջակցությամբ պետք է հաստատվեն հենց Հայաստանի Հանրապետությունում։

«Մենք արդեն նրանց բնակապահովման ծրագիր ենք սկսել, որը դժվարությամբ սկսում է աշխատել, բայց համոզված եմ՝ ավելի արդյունավետ կաշխատի։ Ղարաբաղի մեր հայրենակիցների ապագան մենք պատկերացնում ենք Հայաստանի Հանրապետությունում, Հայաստանի Հանրապետության քաղաքացիությամբ»,- ընդգծեց նա։ 

Փաշինյանն անդրադարձավ նաև հարցին, թե որքանով է իրատեսական ԼՂ հայերի վերադարձը։ 

«Ես ուղիղ ասում եմ, որ դա իրատեսական չեմ համարում։ Ավելին, կարևորում եմ մարդկանց ազնվորեն այդ մասին ասելը, որպեսզի նրանք իրենց հեռանկարները և պլանները կառուցեն։ Փախստականների վերադարձի թեման այս համատեքստում վտանգավոր եմ համարում խաղաղության գործընթացի համար»,- ասաց Փաշինյանը։ 

Նա հիշեցրեց, որ նման հարցերի շուրջ առաջացած հակասությունները նախկինում վերածվել են երկարատև հակամարտության։


«Հակամարտությունները, այդ թվում՝ Ղարաբաղի հակամարտությունը, սկսվել են, թվում է, հումանիտար պարզ հարցերից և վերաճել են լայնածավալ բախումների»,- նշեց վարչապետը։ 

Փաշինյանը շեշտեց, որ Հայաստանը և Ադրբեջանն արդեն ճանաչել են միմյանց տարածքային ամբողջականությունն ու սահմանների անխախտելիությունը՝ Ալմա Աթայի հռչակագրի հիման վրա։
«Մենք պետք է կենտրոնանանք այս բանաձևի վրա և այն կյանքի կոչելու ուղղությամբ աշխատենք։ Եթե շատ ուղիղ ասեմ, Հայաստանն ու Ադրբեջանը պետք է պարզապես հանգիստ թողնեն իրար առաջիկա տասնամյակներում և կենտրոնանան տնտեսական համագործակցություն ու քայլ առ քայլ երկխոսություն կառուցելու վրա։

Ղարաբաղի մեր հայրենակիցները պետք է տնավորվեն Հայաստանի Հանրապետությունում և որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացի՝ ապրեն, ստեղծագործեն, իրենց բարեկեցությունը կառուցեն Հայաստանում։ Սա է մեր ռազմավարությունը»,- ընդգծեց Փաշինյանը։