Տեղի ունեցածը Մերձավանի փետրվարյան դեպքերի շարունակությունն է․ ՆԳՆ խոսնակ (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինՄերձավանի միջադեպի, ըստ քննությունների՝ այս պահին առկա տվյալների, վարկածը շարունակում է մնալ այն, որ սա այս շարունակությունն է այս տարվա փետրվարին Մերձավանում տեղի ունեցած միջադեպի, որի ընթացքում սպանվել է այս գործով ձերբակալվածի հարազատ եղբայրը: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՆԳՆ խոսնակ Նարեկ Սարգսյանը։
Նա հիշեցրեց՝ փետրվարի 5-ին Մերձավանում մի խումբ անձանց միջև միջադեպ էր տեղի ունեցել, նաև հնչել էին կրակոցներ:
ՆԳՆ խոսնակի խոսքով՝ ըստ քննության արդյունքների՝ դա եղել էր մեքենան արագ վարելու, ինչպես նաև չբարևելու հարցի շուրջ ծագած միջադեպ, ինչի հետևանքով ծեծկռտուքը շարունակվել էր, հնչել էին նաև կրակոցներ և ծեծկռտուքի ընթացքում Գրիգոր Օհանյանը կրծքավանդակի շրջանում ստացել էր հրազենային վնասվածք ու մահացել:
Նախաձեռնվել էր քրեական վարույթ, դեպքը բացահայտվել էր, տասնյակից ավելի մարդկանց առաջադրվել էին մեղադրանքներ, եղել են ձերբակալվածներ ու կալանավորվածներ:
«Ըստ էության, սա փետրվարյան իրադարձության շարունակությունն է՝ միջանձնային հարաբերությունների՝ կոնֆլիկտի տրամաբանության մեջ: Իսկ այս վերջին՝ սեպտեմբերի 23-ի դեպքով սպանվել է փետրվարյան դեպքով անցնող մեղադրյալներից մեկի հարազատ եղբայրը՝ Վալոդյա Գրիգորյանը»,- հայտնեց նա՝ տեղեկացնելով, որ փետրվարյան միջադեպից հետո ոստիկանությունը ձեռնարկել է մի շարք գործողություններ՝ լարված հարաբերությունների մեջ գտնվող անձանց հետ:
Նրա խոսքով՝ փետրվարյան դեպքից հետո տասնյակից ավելի անգամներ Ոստիկանության Վաղարշապատի բաժնում ստացվել էին տեղեկություններ, որ կողմերը պետք է հավաքվեն ու պարզեն հարաբերություններ, անձանց հետ կատարվել են բացատրական աշխատանքներ:
Ինչ վերաբերում է ձերբակալված Նարեկ Օհանյանին, նշեց՝ նա ևս եղել է ոստիկանների ուշադրության կենտրոնում:
«Հենց այս պահին էլ ակտիվ միջոցառումներ են ձեռնարկվում, կան տեղադրված ոստիկանական հենակետեր՝ հետագա հնարավոր անցանկալի հետևանքներից խուսափելու համար»,- հավելեց Սարգսյանը:
Մերձավանում տեղի ունեցած սպանության դեպքով կվերլուծվի նաև տեղի ոստիկանների աշխատանքը։ Այս մասին լրագրողների հետ զրույցում տեղեկացրեց Ներքին գործերի նախարարի մամուլի խոսնակ Նարեկ Սարգսյանը։
Ինչ վերաբերում է իրավապահ մարմինների կողմից հնարավոր թերացումների փաստին, ասաց, որ դեպքի ամբողջական բացահայտումից հետո կլինեն մանրակրկիտ վերլուծություններ:
«Վստահեցնում եմ, որ եթե պարզվի՝ այս կամ այն ծառայողը կամ ծառայողները, որոնք օբյեկտիվորեն հնարավորություն են ունեցել կանխել այս դեպքը, սակայն չեն կանխել, վստահաբար ասում եմ՝ կրելու են իրենց պատասխանատվությունը»,- ընդգծեց Սարգսյանը։
Նրա խոսքով՝ ՆԳ նախարարը հենց առաջին օրվանից եղել է դեպքի վայրում, ղեկավարել է բացահայտման աշխատանքները, օպերատիվ շտաբը:
«Հենց այս պահին էլ գտնվում է Վաղարշաապտի բաժնում և ղեկավարում է աշխատանքները»,- հայտնեց Սարգսյանը։
Ինչ վերաբերում է հարցին՝ արդյոք ձերբակալված Նարեկ Օհանյանը միայնակ է գործել, հայտնեց՝ ձեռնարկվում են միջոցառումներ՝ դեպքի հետ կապված բոլոր անձանց ինքնությունը ճշտելու և հայտնաբերելու ուղղությամբ:
Ինչ վերաբերում է վարկածին, թե սպանության թիրախում եղել է քրեական ոստիկան Կարեն Աբրահամյանը, նշեց՝ դա այս պահի դրությամբ հիմնազուրկ պնդում է:
«Ցավոք սրտի, մեր գործընկեր Կարեն Աբրահամյանը մահացավ այս միջադեպի հետևանքով։ Նա մեր լավագույն գործընկերներից էր, ծառայության մեջ էր 2012 թվականից, ավարտել էր Ոստիկանության կրթահամալիրը»,- ասաց ՆԳՆ խոսնակը:
Նրա խոսքով՝ ոստիկանը այս պահին ծառայության մեջ չի գտնվել, այլ ընկերական հարաբերություններէ ունեցել Փարաքարի համայնքապետի հետ: