Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Քաղաքականություն

ԱՆԻՖ-ի նախկին տնօրենի փաստաբանի ասուլիսը․ ՈՒՂԻՂ (տեսանյութ)

Փափազյանի պաշտպանն ԱՆԻՖ-ի գործով մեղադրանքները համարում է ապօրինի

ԱՆԻՖ-ի միլիարդավոր դրամների ծրագրերի տապալման ու չարաշահումների գործով մեղադրանքներն ապօրինի են, պնդում է գործով առանցքային մեղադրյալի՝ արդեն լուծարված ֆոնդի նախկին տնօրեն Դավիթ Փափազյանի փաստաբան Հակոբ Ենոքյանը։

Նրա խոսքով՝ գործը քաղաքական ուղղորդված է․ «Կիսատ-պռատ տվյալներով շտապողական մեղադրանքներ են ներկայացվել։ Դավիթ Փափազյանը ցուցմունքներ է տվել, պարզաբանումներ ներկայացրել, Հայաստան էլ այցելել է շատ ավելի վաղ, ոչ թե մեղադրանքից անմիջապես առաջ», – ասաց փաստաբանը։

Փափազյանը մեղադրվում է փողերի լվացման, լիազորությունների չարաշահման և փաստաթղթեր կեղծելու մեջ։ Նա հայրենիք չի վերադարձել և միայն սոցիալական ցանցերում է պնդում, որ վարչապետ Փաշինյանն իրեն փորձում է քավության նոխազ դարձնել։

Գործը վերաբերում է ԱՆԻՖ-ի կողմից իրականացված խոշոր ծրագրերին․ օրինակ՝ մեկուկես միլիարդ դրամ է հատկացվել նորաստեղծ «Սի Էֆ Դաբլյու» ընկերությանը՝ կիբերանվտանգային կարողություններ ստեղծելու նպատակով։ Ընկերությունը փոխկապակցված է ԱՆԻՖ-ի նախկին խորհրդի նախագահ Տիգրան Ավինյանի հետ, սակայն վերջինս գործով միայն հարցաքննվել է։ Փաստաբանի խոսքով՝ բոլոր վճարումները կատարվել են խորհրդի հաստատմամբ, և տնօրենը չի կարողացել ինքնուրույն որոշում կայացնել։

Լրագրողական հետաքննությունները ցույց են տվել նաև, որ հիմնադրամը հարկատուների հաշվին մեծ ծախսեր է կատարել անվտանգության անձնակազմի վրա, բարձր աշխատավարձեր վճարել պաշտոնյաների հարազատներին։ Փաստաբանը, սակայն, պնդում է, որ անվտանգության ստորաբաժանումը միայն պահակախումբ չի եղել, այլ զբաղվել է տնտեսական ռիսկերի գնահատմամբ։

Փաշինյանի նախաձեռնությամբ ստեղծված ԱՆԻՖ-ը պետք է խթաներ ներդրումներ ու արտահանում, սակայն ամենախոշոր նախագիծը՝ ազգային ավիափոխադրող «Ֆլայ Արնան», մեկուկես տարի անց լուծարվեց՝ պետբյուջեին արժենալով շուրջ 4,5 միլիարդ դրամ։ Վարչապետը դա ձախողում որակեց, բայց միլիարդների վատնման համար պատասխանատվություն դեռ ոչ ոք չի կրել։

Այս պահին մեղադրանք առաջադրված է միայն Դավիթ Փափազյանին և ԱՆԻՖ-ի երկու դուստր ընկերությունների տնօրեններին։ Փաշինյանի թիմակիցներից որևէ մեկը մեղադրյալի կարգավիճակ չունի։