Բացել լրահոսը Փակել լրահոսը
Vtar1
A A
Հասարակություն

«Ատոմակայանի» խաչմերուկում բախվել են «Mercedes»-ն ու մարդատար «Գազել»-ը. կա 11 վիրավոր

Այսօր՝ սեպտեմբերի 26-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 07:40-ի սահմաններում Երևան-Արմավիր ավտոճանապարհի ժողովրդին հայտնի «ատոմակայանի» խաչմերուկում բախվել են «Mercedes» մակնիշի ավտոմեքենան ու մարդատար «Գազել»-ը: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 11 հոգի, որոնց առաջինը օգնության են հասել քաղաքացիներն ու ըստ քաղաքացիների հայտնածի՝ օպերատիվորեն ժամանած Արմավիր բժշկական կենտրոնի բժիշկների հերթապահ խումբը, տեղափոխվել են Արմավիր բժշկական կենտրոն, գրում է Shamshyan.com-ը։

 Ֆոտոլրագրողը հայտնում է, որ բախման հետևանքով «Գազել»-ը կողաշրջվել է և մասամբ հայտնվել ճանապարհի երթևեկելի գոտում:  Դեպքի մասին ոստիկանության Արմավիրի բաժնից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչություն, որտեղից հիվանդանոց է մեկնել քննչական խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ, ով այնուհետև ժամանելու է դեպքի վայր:  

Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են վարորդների և վիրավորների ինքնությունները: Դեպքի վայրում հավաքված քաղաքացիները նշում էին, որ «Գազել»-ը մասնավոր է և դաշտ էր տեղափոխում խաղող հավաքողների:  Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ «Mercedes»-ի վարորդը ծառայում է ՀՀ ՆԳՆ ոստիկանության զորքերում: