Իրանն աջակցում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղ գործընթացին. Փեզեշքիան (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինԻրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը ելույթ է ունեցել ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովում, որում անդրադարձել է նաև հայ-ադրբեջանական հարաբերություններին:
«Իրանը ողջունում է խաղաղությունն ու կայունությունը։ Մենք կարծում ենք, որ մեր տարածաշրջանի և աշխարհի ապագան պետք է կառուցվի համագործակցության, վստահության ու համատեղ զարգացման վրա։ Այս շրջանակներում Իրանն աջակցում է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության գործընթացին»,- ասել է Իսլամական Հանրապետության նախագահը։
Նա հույս է հայտնել, որ դրա արդյունքը կլինի երկարատև ու կծառայի որպես երկու հարևան պետությունների միջև հարաբերությունների բարելավման հիմք։
Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Մասուդ Փեզեշքիանը հայտարարել է, որ Իրանը երբեք չի ձգտել միջուկային ռումբ ստեղծել և ապագայում ևս դա չի անի։
Նախագահ Փեզեշքիանը դատապարտել է հունիսին Ամերիկայի Միացյալ Նահանգների կողմից Իրանի վրա հարձակումը՝ հայտարարելով, որ Իսրայելի և ԱՄՆ-ի ավիահարվածները՝ քաղաքներին, տներին և ենթակառուցվածքներին, խախտել են միջազգային իրավունքը և հասցվել են այն ժամանակ, երբ Թեհրանը դիվանագիտական բանակցություններ էր վարում:
Իրանի նախագահը հայտարարել է, որ հարվածների հետևանքով զոհվել են հրամանատարներ, քաղաքացիական անձինք, երեխաներ, կանայք, գիտնականներ և ազգային էլիտայի ներկայացուցիչներ, ինչը լուրջ հարված է հասցրել վստահությանը և խաղաղության հասնելու հեռանկարներին: