Նոր օպերատորից լուր չկա
«Նաիրիտ գործարան» ՓԲԸ-ի կառավարման օպերատորի համար հայտ ներկայացրած գերմանական C.A.C ընկերության ներկայացուցիչները դեռ չեն ժամանել Երեւան: Ընկերությունը միակն է, որը «2011-2019 թթ «Նաիրիտ»-ի զարգացման եւ վերակառուցման» ծրագրի հայտ էր ներկայացրել:
Ըստ պայմանավորվածության` նրանք օգոստոսի վերջին պետք է ժամանեին Երեւան եւ ներկայացնեին իրենց ներդրումային ծրագրերը:
«Մեր գործընկերներից դեռ նորություն չկա, երբ լինի, ձեզ տեղյակ կպահենք»,- «Ա1+»-ին հայտնեց ՀՀ Էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարի մամուլի քարտուղար Լուսինե Հարությունյանը:
Հիշեցնենք, որ գործարանը արդեն մեկ տարի է՝ մատնված է հարկադիր պարապուրդի, եւ աշխատողները արդեն 4 ամիս աշխատավարձ չեն ստացել:
Տեղեկացնենք, որ «Նաիրիտ»-ի աշխատակիցները պարբերաբար հավաքվում են գործարանի դիմաց եւ պահանջում իրենց հասանելիք աշխատավարձը: Նրանց խոստացել են առաջիկա շաբաթվա ընթացքում վճարել մեկ ամսվա աշխատավարձը:
Ըստ պաշտոնական տվյալների` «Նաիրիտ» գործարանի ընդհանուր պարտքը կազմում է 120-130 մլն դոլար: