Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Սպորտ

Հայաստանն առաջին անգամ մասնակցում է պետանքի աշխարհի առաջնությանը (տեսանյութ)

Հայաստանը հանդես կգա 4 մարզիկ-մարզուհով:

Հռոմում այսօր կմեկնարկի պետանքի աշխարհի առաջնությունը, որին առաջին անգամ կմասնակցեն Հայաստանի մարզիկ-մարզուհիները: Այդ մասին տեղեկացնում է Հայաստանի պետանքի ֆեդերացիան:

Տարվա գլխավոր մրցաշարում Հայաստանը կներկայացնեն ֆրանսիահայեր Միշել Հաչադուրյանը (աշխարհի լավագույն խաղացողներից է), Ռիչարդ Հովագիմյանը, Լյուսի Էմմա Ռուսսոն և երևանցի Մարիանա Եղիազարյանը: Տղամարդկանց հավաքականի մարզիչը Պատրիս Մուրադյանն է, իսկ կանանց հավաքականինը՝ Ժերար Տավիտյանը: Հայկական պատվիրակության ղեկավարն է Հայաստանի պետանքի ֆեդերացիայի նախագահ Վրեժ Խաչիկյանը:

Նշենք, որ Պետանքը (ֆր. Pétanque) ֆրանսիական ծագում ունեցող սպորտային խաղ է։ Մարզաձևը ձևավորվել է 20-րդ դարի սկզբին: Պետանքը լայնորեն տարածված է Եվրոպայում, հատկապես Ֆրանսիայում, իսկ վերջին տարիներին մեծ ճանաչում է ձեռք բերում նաև այլ երկրներում, այդ թվում Հայաստանում։

Խաղի նպատակը մետաղյա գնդակները՝ սովորաբար 700-800 գրամ քաշով, հնարավորինս մոտ նետելն է փոքր նպատակային գնդակին՝ կոշոնետին։ Խաղը շարունակվում է մինչև մի թիմ հավաքի նախապես սահմանված միավորներ։ Պետանքը խաղում են հիմնականում ավազապատ կամ մանրախիճով հարթակի վրա՝ անհատական կամ թիմերով։ Մարզաձևի առավելությունն այն է, որ մատչելի բոլոր տարիքների համար, ինչպես նաև պահանջում է նվազագույն ռեսուրսներ։

Պետանքի այս տարվա աշխարհի առաջնությանը մասնակցում են 50 երկիր: