Բացել լրահոսը Փակել լրահոսը
326130
A A
Հասարակություն

Լրագրողի դեմ բռնության դեպքով քրեական վարույթ է հարուցվել. Ձերբակալված կա

Լրագրող Հակոբ Կարապետյանի նկատմամբ բռնություն կիրառելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ։ Այդ մասին ասել են Քննչական կոմիտեից, հայտնում է «Ազատությունը»։

Կարապետյանն ահազանգել էր, որ իրեն ծեծել են՝ Ֆեյսբուքում Երևանի քաղաքապետարանի պաշտոնյաներին հրապարակավ քննադատելուց հետո։ Լրագրողը շաբաթներ առաջ անդրադարձել էր հանրային տրանսպորտում տոմս ունեցող ուղևորին անհիմն տուգանելու միջադեպին։ Տարածելով նյութը՝ Կարապետյանը եզրահանգել էր, թե «նեղմիտ ու ոչ կոմպետենտ կառավարիչներ ունենալը սա է»։

Քրեական գործ է հարուցվել ֆիզիկական ներգործության հոդվածով։ Գերատեսչությունից հայտնել են, որ այս պահին նախաքննություն է ընթանում, այլ մանրամասներ չհաղորդելով։

Ներքին գործերի նախարարությունից էլ հայտնել են, որ հայտնաբերել են միջադեպի մասնակիցներից մեկին, նա ներկայացվել է նախաքննական մարմին։ Ըստ գերատեսչության խոսնակի՝ հայտնաբերվել և պահպանվող հատուկ տարածք է տեղափոխվել նաև դիմակավորված անձին դեպքի վայր հասցրած մեքենան։ ՆԳՆ-ից, սակայն, չեն բացահայտում ձերբակալվածի ինքնությունը։

«Ես կարծում եմ, որ սա հանրային գործունեության հետ կապ ունեցող հարձակում է, և ես իհարկե պետք է պնդեմ և միջնորդություն ներկայացնեմ, որ մաքսիմալ կերպով կա՛մ վերաձևակերպվի հոդվածը, կա՛մ էդ խստացնող հանգամանքները հաշվի առնվեն», - ասել է լրագրողը:

Միջադեպին քաղաքապետարանից հրաժարվել են անդրադառնալ, խոսնակ Հայկ Կոստանյանը միայն ասել է, թե կճշտեն, կհասկանան, այս պահի համար ավելացնելու այլ բան չունեն։

Լրագրող Հակոբ Կարապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրել էր իր նկատմամբ բռնության մասին՝ նշելով, որ «քննադատության համար չի կարելի կատաղած շան նման հարձակվել մարդկանց վրա»։ Ըստ նրա՝ դա տեղի է ունեցել «իշխանությունների առնվազն լռելյայն թողտվությամբ»։