Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Սամվել Կարապետյանի փաստաբանական խմբի ասուլիսը․ ՈՒՂԻՂ (տեսանյութ)

Բազմաթիվ դատական ակտերով հաստատվել է գործարար, բարերար Սամվել Կարապետյանի նկատմամբ քննչական մարմնի գործողությունների ապօրինությունները: Այս մասին փաստաբանների խմբի ասուլիսի ժամանակ ասաց Սամվել Կապապետյանի պաշտպան Արմեն Ֆերոյանը:
Նախօրեին հակակոռուպցիոն վերաքննիչ դատարանը մերժել էր Կարապետյանի կալանքը վերացնելու պաշտպանական կողմի միջնորդությունը և Կարապետյանին թողել կալանքի տակ:
 
«Այս գործով քննչական մարմնի գործողությունները կրում են և՛ ուղղորդված, և՛ բացառապես ապօրինի բնույթ։ Հաստատվել են նաև Առաջին ատյանի դատարանի կողմից կատարված որոշումների ապօրինությունները։ Խոսք վերաբերում է խուզարկությունների որոշումներին, որոնք մենք բողոքարկել ենք, և որոնց մեծ մասը ճանաչվել են ապօրինի։ Ապօրինի է ճանաչվել նաև Սամվել Կարապետյանի ձերբակալությունը»,– հիշեցրեց Ֆերոյանը։
Նրա խոսքով` արդարադատություն ասվածը այս դեպքում բացարձակ չի գործում։
Պաշտպանը հիշեցրեց, որ բացի Կարապետյանի կոչից նրան նաև մեղադրանք էր առաջադրվել փողերի լվացման, խարդախություն, հարկեր վճարելուց խուսափելու համար, սակայն դրանք հիմնավոր կասկածի շեմն անգամ չեն հաղթահարել և դատարան չեն ներկայացվել։
«Այսինքն` մենք գործ ունենք միայն կոչի դրվագի հետ, որի մասով փաստաբանական կողմը ձեռք է բերել համալիր փորձագիտական եզրակացություն, որ իշխանությունը զավթելու կոչի վերաբերյալ որևէ հանգամանք առկա չէ։ Լեզվաբանների, պրոֆեսորների կողմից լեզվաբանական տեսանկյունից վերլուծվել է Կարապետյանի խոսքը և հիմնավորել, որ նրա կոչի մեջ իշխանություն զավթելու տարրեր չկան»,–ասաց Ֆերոյանը։
Նա ընդգծեց, որ այս ամենը քննչական կոմիտեի սին դատողություններն են, թե դա կոչ է իշխանությունը զավթելու վերաբերյալ։
Կարապետյանի մյուս պաշտպան Լիանա Գասպարյանն էլ ուշադրություն հրավիրեց այն հանգամանքի վրա, որ նրա կալանքի երկարաձգումից շուտով կլրանա մեկ ամիս, սակայն վարույթ իրականացնող մարմինն այս ընթացքում որևէ գործողություն չի իրականացրել:
 
«Հարց է առաջանում, այս դեպքում ինչու է Սամվել Կարապետյանը մինչ օրս մնում ապօրինի անազատության մեջ։ Բոլորս էլ հասկանում ենք, թե ինչու է Կարապետյանը ենթարկվում քաղաքական հետապնդման։ Իսկ եթե դա լիներ զուտ իրավաբանություն, ապա այսպես ասեմ ՝ քրեական օրենսգիրքը, եթե ոտքեր ունենար, ոտքերը վերցրած կփախչեր այս ապօրինություններից», - ասաց Գասպարյանը։
Նրա խոսքով` իր 10-ամյա պրակտիկայում նման քրեական գործ` այսպիսի ապօրինություններով, չեն ունեցել։