Բացել լրահոսը Փակել լրահոսը
64ad7075-a6de-8020-bced-4cae34db155f
A A
Հասարակություն

Վարդենիսում կգործարկվի Թումո տուփ AMAA-ի հետ համագործակցությամբ

Վարդենիս քաղաքում կտեղադրվի Թումո տուփ Ամերիկայի Հայ Ավետարանչական ընկերակցության (AMAA) հետ համագործակցությամբ։

Օրերս Թումոն և AMAA-ը ստորագրեցին հուշագիր, որի շրջանակում նախատեսվում է տեղադրել և շահագործել Թումո տուփ AMAA-ի կողմից կառուցվող կրթահամալիրի տարածքում։ Ամեն շաբաթ Վարդենիսից և մերձակա բնակավայրերից 12-18 տարեկան շուրջ 320 պատանի հնարավորություն կունենա իր համայնքում ուսումնասիրելու տեխնոլոգիաների և դիզայնի նորարարական ոլորտներ։

Վարդենիսի Թումո տուփում ուսանողները կանցնեն ինքնուսուցման վարժանքներ, իսկ դասընթացների և աշխատարանների համար Թումոյի տրամադրած անվճար տրանսպորտով կմեկնեն Թումո Դիլիջան, որին արդեն կցված են Սևանում, Գավառում, Ճամբարակում, Իջևանում, Ազատամուտում, Բերդում, Արծվաբերդում և Ստեփանավանում գործող Թումո տուփերը։ 

Վարդենիսի Թումո տուփում ուսանողների գրանցումը հասանելի կդառնա շուտով, ինչի մասին ծանուցումը կտեղադրվի Թումոյի սոցիալական էջերում:

Թումոյի կրթական ծրագիրը հասանելի է Հայաստանի ամենատարբեր անկյուններում: Առաջին Թումո կենտրոնն իր դռները բացել է 2011 թվականին Երևանում։ Այսօր արդեն գործում է 6 կենտրոն կից տուփերով, որտեղ շաբաթական հաճախում են ավելի քան 21000 պատանի, ինչպես նաև 1000 շրջանավարտ։ Երևանից բացի՝ Թումո կենտրոններ են կան Դիլիջանում, Գյումրիում, Կողբում, Եղեգնաձորում և Կապանում:

Թումոն Հայաստանում հասել է այնպիսի հեռավոր և սահմանամերձ բնակավայրեր, ինչպիսիք են՝ Աշոցք, Ախուրյան, Ազատամուտ, Բերդ, Ճամբարակ, Մեղրի, Քաջարան, Շնող, Օձուն, Ալավերդի, Դսեղ, Վայք, Աղավնաձոր, Արթիկ, Մարալիկ, իսկ շուտով արդեն Վարդենիս։

AMAA-ի կրթահամալիրը Վարդենիսում

AMAA-ի՝ Վարդենիսում կառուցվող յուրօրինակ նախագծմամբ կրթահամալիրը, որտեղ տեղակայված է լինելու Թումո տուփը, նպատակ ունի ստեղծելու առողջապահական, սոցիալական և կրթական լայն հնարավորություններ տեղի տարբեր տարիքի երեխաների ու երիտասարդների համար։

Կրթահամալիրը լիովին անվճար է լինելու երեխաների համար։ Այն նախատեսում է սպասարկել ավելի քան 400 սաների՝ մանկապարտեզից մինչև 12-րդ դասարան՝ ապահովելով աջակցող միջավայր, որտեղ երեխաները կկարողանան հաջողել թե՛ ակադեմիական, թե՛ հուզական զարգացման ոլորտներում։

Համալիրում Թումո տուփից բացի նախատեսվում է նաև ցերեկային կենտրոն՝ համայնքի 6-14 տարեկան խոցելի խմբերի դպրոցահասակ երեխաների և նրանց ընտանիքների համար, որը կմատուցի սոցիալ-հոգեբանական, արտ-թերապևտիկ, անձնային զարգացման, ծնողավարման հմտությունների և ժամանցային ծառայություններ։ Կրթահամալիրում գործելու է նաև դպրոցահեն առողջության կենտրոն, որը կտրամադրի անվճար, բարձրորակ բուժօգնություն որակյալ և շարունակաբար վերապատրաստվող մասնագիտական թիմի միջոցով։
AMAA-ի մասին

AMAA-ը հիմնադրվել է 1918 թվականին ԱՄՆ-ի Մասաչուսեթս նահանգում: Կազմակերպությունն ավելի քան երեք տասնամյակ ակտիվ գործունեություն է ծավալում Հայաստանում՝ իրականացնելով կրթական, սոցիալական, առողջապահական, տնտեսական և հոգևոր-մշակութային ծրագրեր՝ 400-ից ավելի աշխատակիցների միջոցով հասնելով Հայաստանի գրեթե բոլոր մարզեր։
Թումոյի մասին

Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնը կրթական ծրագիր է, որը պատանիներին հնարավորություն է տալիս անվճար ուսումնասիրել տեխնոլոգիաների և դիզայնի ոլորտներ: Հիմնադրվելով Հայաստանում և ընդլայնվելով ամբողջ աշխարհում՝ Թումոյի կրթական մոդելը համատեղում է ինքնուսուցումը գործնական դասընթացների հետ և նախապատրաստում է պատանիներին արագ զարգացող աշխարհի մարտահրավերներին։