Ուկրաինայում խաղաղ բնակիչների սպանությունները պետք է պատասխանատվության հանգեցնեն․ ԵԱՀԿ
Աջակցիր «Ա1+»-ինԱյսօր ԵԱՀԿ Տրոիկան՝ ԵԱՀԿ գործող նախագահի պաշտոնակատար, Ֆինլանդիայի արտգործնախարար Էլինա Վալտոնենը, Մալթայի փոխվարչապետ և արտգործ ու տուրիզմի նախարար Յան Բորգը, ինչպես նաև Շվեյցարիայի դաշնային խորհրդական և դաշնային արտգործնախարարության ղեկավար Իգնացիո Կասիսը, հանդես եկան հետևյալ հայտարարությամբ․
«Երեկ Ռուսաստանը իրականացրեց իր ամենաարյունալի հարձակումներից մեկը Կիևի և Ուկրաինայի այլ քաղաքների դեմ՝ պատերազմը սկսվելուց ի վեր։ Գիշերային հարձակումների թիրախում էին Կիևի բոլոր բնակելի թաղամասերը, որոնց հետևանքով զոհվել է առնվազն 23 քաղաքացի, այդ թվում՝ 4 երեխա, և շատերը վիրավորվել են։ Խորին ցավակցություն ենք հայտնում զոհերի ընտանիքներին։ Հարվածները լայնածավալ ավերածություններ են պատճառել, այդ թվում՝ վնաս հասցվել է Եվրոպական Միության պատվիրակության և Բրիտանական խորհրդի շենքերին Կիևում։
Մենք ամենախիստ ձևով դատապարտում ենք այս հարձակումները։ Ռուսաստանի կողմից վերջին ամիսներին խաղաղ բնակչության և քաղաքացիական ենթակառուցվածքների դեմ իրականացվող սաստկացող հարձակումները վկայում են անհապաղ, անպայման և համապարփակ հրադադարի անհրաժեշտության մասին։
Մենք աջակցում ենք ԱՄՆ նախագահ Թրամփի ջանքերին՝ ուղղված Ռուսաստանի ագրեսիվ պատերազմի դադարեցմանը և Ուկրաինայի համար արդար ու կայուն խաղաղության և անվտանգության հաստատմանը։ Կոչ ենք անում Ռուսաստանին դադարեցնել սպանությունները և ներգրավվել կառուցողական բանակցությունների մեջ։ Իմաստալից բանակցությունները հնարավոր են միայն հրադադարի կամ ռազմական գործողությունների նվազեցման պայմաններում։
Ռուսաստանը պետք է պատասխանատվություն կրի իր գործողությունների համար։ Միջազգային հումանիտար իրավունքով անխտիր հարձակումները արգելված են, իսկ խաղաղ բնակչության դեմ ուղղված հարձակումները կարող են որակվել որպես պատերազմական հանցագործություն։ Ուկրաինայում և Ուկրաինայի դեմ կատարված հանցագործությունների, այդ թվում՝ պատերազմական հանցագործությունների և ագրեսիայի հանցանքի համար, անպատժելիություն չպետք է լինի։
Մենք վերահաստատում ենք մեր անսասան աջակցությունը Ուկրաինայի ինքնիշխանությանը, անկախությանը և տարածքային ամբողջականությանը, ինչպես նաև արդար և կայուն խաղաղությանը՝ հիմնված միջազգային իրավունքի, այդ թվում՝ ՄԱԿ-ի կանոնադրության և Հելսինկյան եզրափակիչ ակտի վրա։
Մենք կրկին ընդգծում ենք մեր լիակատար աջակցությունը շարունակական ջանքերին՝ ապահովելու համար Ուկրաինայի ապօրինի տեղահանված երեխաների վերադարձը, ռազմագերիների փոխանակումը և կամայականորեն կալանավորված քաղաքացիական անձանց, այդ թվում՝ երեք կալանավորված ԵԱՀԿ պաշտոնյաների ազատ արձակումը»։