Վրաստանի սահմանը հատելիս 6 և ավելի նստատեղ ունեցող մեքենաները ուղևորների ցուցակ պետք է ներկայացնեն
Աջակցիր «Ա1+»-ինՀուլիսի 1-ից Հայաստանից Վրաստան, և հակառակ ուղղությամբ ուղևորափոխադրումներն իրականացվում են հսկիչ փաստաթղթի հիման վրա, որը վերաբերվում է ուղևորների քանակին։
Վրաստանում Հայաստանի դեսպանատունը լրացուցիչ պարզաբանումներ է ներկայացրել՝ նշելով, որ խոսքը գնում է միայն կոմերցիոն փոխադրումների մասին, վեց և ավելի նստատեղ ունեցող մեքենաների դեպքում։ Եթե մարդը գնում է թեթև մարդատար մեքենայով և իր ընտանիքի անդամների հետ, դա նրան չի վերաբերվի, գրում է jnews.ge-ն։
«Փաստաթուղթը հիմնականում լրացվում է անգլերենով և օրինակելի ձևը, որը առկա է տարածքային կառավարության և ենթակառուցվածքների նախարարության կառավարության կայքէջում, նույնպես անգլերեն է տեղադրված»,–ասել են դեսպանատնից։
Նշվել է, որ որոշ դեպքերում, եթե ընտանիքի անդամներ են, դե դա բնականաբար անձնագրերից, ազգանուններից, հայրանուններից երևում է, և որևէ խնդիր չի առաջանում։ Բացի դրանից, վրացական կողմը նաև որոշակի ցանկ ունի, ոչ կանոնավոր փոխադրումներ իրականացնողների, որն իրենց թույլ է տալիս հանգիստ պարզել՝ թե դա ինչպիսի փոխադրում է։
Եթե ուղևորները 6-ից ավելի են ու բոլորը ընտանիքի անդամներ են, այդ դեպքում պետք չէ լրացնել, որովհետև վրացական կողմը դա դիտում է որպես ոչ կոմերցիոն։
Ըստ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության նախապես տարածած հայտարարության՝ 2025 թվականի հուլիսի 1-ից, «ՀՀ կառավարության և Վրաստանի կառավարության միջև միջազգային ավտոմոբիլային հաղորդակցության մասին» համաձայնագրի 4-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն, Հայաստանից դեպի Վրաստան և հակառակ ուղղությամբ իրականացվող ոչ կանոնավոր ուղևորափոխադրումների համար պարտադիր կլինի ուղևորների ցուցակի առկայությունը։